Վերահաստատում ենք լիակատար աջակցությունը ՄԽ համանախագահներին. ԵԱՀԿ նախագահությունը՝ Ալիևի հայտարարության առնչությամբ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահությունը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այդ մասին հայտնեցին ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունից՝ Մինսկի խմբի համանախագահների գործունեության մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունների առնչությամբ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան:

«ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունը չի կարող մեկնաբանել Ադրբեջանի նախագահի հրապարակային հայտարարությունները: Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը և երախտագիտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի, նրա համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի աշխատանքին», - պատասխանել են ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունից:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախորդ շաբաթ ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում սպառնացել էր ճնշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվելու փորձերը: Ալիևը մասնավորապես ասել էր. «Նրանք [համանախագահները] չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծված է: Մենք ենք լուծել այս խնդիրը նրանց փոխարեն»: Ադրբեջանի նախագահը նաև պնդել էր, թե եթե հակամարտող կողմերից մեկը ասում է, թե հիմնախնդիրը լուծված է, ապա «միջնորդության տեղ այլևս չկա»:

Ադրբեջանի կողմից 2020 թվականին սանձազերծված 44-օրյա լայնածավալ պատերազմից հետո Ալիևը բազմիցս հանդես է եկել նմանատիպ հայտարարություններով՝ պնդելով, իբրև թե ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն է լուծված, այլ առհասարակ «Լեռնային Ղարաբաղ» հասկացություն գոյություն չունի և հետևաբար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարց էլ չկա:

Այդուհանդերձ, չնայած Ադրբեջանի նախագահի պնդումներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետությունները (Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, ԱՄՆ) և Մինսկի խմբի համանախագահները թե՛ առանձին և թե՛ համատեղ բազմաթիվ հայտարարություններով շեշտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը՝ կողմերին կոչ անելով վերսկսել խաղաղ բանակցությունները համանախագահների հովանու ներքո: Եվ միջազգային ողջ հանրությունն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին և համանախագահների աշխատանքին:

2021 թ. դեկտեմբերի 7-ին ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովից հետո ընդունված համատեղ հայտարարության մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտաքին գործերի և Եվրոպայի հարցերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը իրենց լիակատար աջակցությունն էին հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Համանախագահող պետությունները վերահաստատել էին իրենց հանձնառությունը աշխատելու կողմերի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով առաջացած բոլոր խնդիրների համապարփակ լուծումը իրենց մանդատի համաձայն գտնելու նպատակով:

Արամ Սարգսյան

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը