Տնտեսական ակտիվության ցուցանիշը 11 ամսում աճել է 5.2 տոկոսով
1 րոպեի ընթերցում
![Տնտեսական ակտիվության ցուցանիշը 11 ամսում աճել է 5.2 տոկոսով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/12/1071751.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021-ի հունվար-նոյեմբերին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.2 տոկոսով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-նոյեմբերին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.7 տոկոսով, շինարարության ծավալը՝ 6.9 տոկոսով:
Առևտրի շրջանառությունում հունվար-նոյեմբերին աճը կազմել է 7.9 տոկոս, իսկ մատուցված ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 7.3 տոկոսով:
2021 թվականի հունվար-նոյեմբերին սպառողական գների ինդեքսն աճել է 7.1 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 9.9 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նվազել է 2 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկատվել է 16.6 տոկոս աճ: Ընդ որում, արտահանումն աճել է 19.4 տոկոսով, ներմուծումը՝ 15.1 տոկոսով:
Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2021-ի հունվար-նոյեմբերին միջինացված եղել է 505.46: