Սփյուռք

ՀՀ և Արցախի կառավարություններում սփյուռքահայ մասնագետների ներգրավման ծրագրին կուղղվի ավելի քան 123 մլն դրամ

2 րոպեի ընթերցում

ՀՀ և Արցախի կառավարություններում սփյուռքահայ մասնագետների ներգրավման ծրագրին կուղղվի ավելի քան 123 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին 2022 թվականի պետբյուջեի նախագծով նախատեսվում է տրամադրել շուրջ 578 մլն 945 հազար դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են ՀՀ ազգային ժողովից՝ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2022 թ. բյուջետային հատկացումներն ու ծախսային ծրագրերն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Գրասենյակը գործունեություն կիրականացնի երկու ուղղություններով: Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագրին կուղղվի շուրջ 374 մլն 619 հազար դրամ, իսկ ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավման ծրագրին՝ 204 մլն 325 հազար դրամ:

«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը կիրականացվի 4 փուլով՝ մինչեւ 400 հոգու մասնակցությամբ: «Սփյուռքի երիտասարդ դեսպան» միջոցառման իրականացման համար կտրամադրվի 11 մլն 806 հազար դրամ: ՀՀ եւ Արցախի կառավարություններում սփյուռքահայ մասնագետների ներգրավման «Ի գործ» ծրագրին կուղղվի 123 մլն 872 հազար դրամ: Հայաստան-Սփյուռք գործակցության իրազեկման ծրագրով կտրամադրվի 60 մլն դրամ:

Կիրականացվի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» ծրագիրը: Սփյուռքի ավելի քան 24 համայնքներ կկազմակերպվեն այցելություններ: Միջոցառման իրականացման համար բյուջեից կտրվի 51 մլն 45 հազար դրամ:

Զարեհ Սինանյանի խոսքով՝ հայրենադարձության ինտեգրման նպատակով մեկ պատուհանի սկզբունքն է գործելու՝ ինտեգրումը դյուրին դարձնելու համար: Միջոցառումն իրականացվում է «Հրայր Հովնանյան» հիմնադրամի մասնակցությամբ: Նախատեսվում է տրամադրել 34 մլն 245 հազար դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում