Սիրում եմ թատրոնը, բայց ես կինոյի մարդ եմ. Կաննի կինոփառատոնի դափնեկիր Կոռնել Մունդուցոն Երևանում է

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն այս տարի թատրոնի և կինոյի հունգարացի ռեժիսոր, Կաննի, Լոկարնոյի և տասնյակ այլ հեղինակավոր կինոփառատոնների դափնեկիր Կոռնել Մունդրուցոն է:

Ռեժիսորը, որը հայտնի է «Կնոջ մասնիկները», «Սպիտակ աստվածը», «Յուպիտերի արբանյակը» և այլ ճանաչված ֆիլմերով, հյուրընկալվել է Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կինոարվեստի երկրպագուները, ոլորտի մասնագետները հոկտեմբերի 6-ին Հայկական բարեգործական ընդհանուր միությունում հանդիպեցին նրան, զրուցեցին և լուսանկարվեցին ռեժիսորի հետ:

Մունդրուցոն խոստովանեց՝ 18 տարեկանում փնտրտուքների մեջ է եղել: «Ինձ հետաքրքիր էր՝ ես տաղանդավո՞ր եմ, թե՞ ոչ: Սա լուրջ հարց է երիտասարդների համար: Երբ համալսարան ընդունվելու համար պետք է նկարեի իմ առաջին կարճամետրաժ ֆիլմը, և վերցրի տեսախցիկն ու սկսեցի աշխատել դերասանների հետ, որոնք երկուսն էին, հասկացա, որ կինոռեժիսոր եմ: Մինչ օրս այդպես եմ մտածում: Անգամ հիմա, երբ ներկայացում եմ բեմադրում, աշխատում եմ որպես կինոռեժիսոր: Սիրում եմ թատրոնն, այն ինձ հարազատ է, բայց ես կինոյի մարդ եմ»,-ասաց նա և հավելեց՝ եթե ուրբաթ օրն ազատ է լինում և մտածում է՝ ուր գնալ, առաջին հերթին նայում է կինոթատրոններում ցուցադրվող ֆիլմերի ցանկերը, եթե լավ ֆիլմ չի գտնում, սկսում է ուսումնասիրել թատրոնների խաղացանկերը:

Ըստ Մունդրուցոյի՝ թատրոնն ու կինոն շատ հեռու են միմյանցից: Նա թատերական ֆիլմն ու սինեմատիկ թատրոնը վատն է համարում, կարծում է՝ պետք է հստակ հասկանալ արվեստի այդ տեսակների կանոնները: «Այն, ինչ հնարավոր է անել բեմում, գրեթե անհնար է անել ֆիլմում և հակառակը»,-շեշտեց ռեժիսորը:

Կոռնել Մունդրուցոյի կինոնկարները մշտապես ներկայացվում են Կաննի կինոփառատոնում: Նրա խոսքով՝ Կաննում ներկայանալու կանաչ քարտ չկա: «Նրանք խորհում են ֆիլմերիդ շուրջ, բայց իմ մոտ ընկերները չեն: Բախտս պարզապես բերել է, որ իմ ֆիլմերը ցուցադրվում են Կաննի կինոփառատոնում, որը եվրոպական կինոյի կարևորագույն, հզոր միջոցառումներից է: Այն մինչ օրս պաշտպանում է հեղինակային կինոն, ինչը մեր ժամանակներում շատ դժվար է: Կաննում փորձում են կինոն կենդանի պահել: Զարմանալի վայր է. եթե ֆիլմերդ լավ արձագանք են ստանում, ուրեմն ամեն ինչ լավ է, եթե ոչ, ուրեմն ձեզ կարող են սպանել»,-պատմեց ռեժիսորը:

Մունդրուցոյի համոզմամբ՝ կինոնկարները երեխաներիդ պես են. ինչպես երեխաներն են տարբեր, այնպես էլ ֆիլմերը: «Եթե ամեն ինչ սահուն է ընթանում, չի նշանակում, որ կինոնկարն անպայման հաջողելու է և հակառակը: Ութ լիամետրաժ ֆիլմ եմ ստեղծել: Եղել են հիանալի ֆիլմեր, որ ստեղծվել են սիրով, ամեն ինչ սահուն է անցել, եղել են կինոնկարներ, որոնք չափազանց դժվար են ստեղծվել: Մտածում ես, որ կմեռնես մինչև նկարես, կարծում ես, որ անհնար է՝ ֆիլմ դառնա նկարածդ: Սակայն հաջողել են: Ճիշտ են ասում՝ եթե մի բան քեզ չի քայքայում, չի վերացնում, ավելի ուժեղ է դարձնում»,-շեշտեց Կոռնել Մունդրուցոն:

Անդրադառնալով «Էվոլուցիա» ֆիլմին, որը ցուցադրվում է «Ոսկե ծիրանի» շրջանակում, ռեժիսորն ասաց՝ շատ անձնական կինոնկար է, որը նկարահանել են տասը օրում:

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2021-ին կանցկացվի հոկտեմբերի 3-10-ը: Կինոփառատոնի շրջանակում նախատեսվում է ցուցադրել աշխարհի տարբեր մասերում նկարահանված ֆիլմեր, որոնք անդրադառնում են պատերազմներին՝ հանդիսատեսին օգնելով խորհել տարբեր իրողությունների շուրջ, իսկ միջազգային ճանաչում վայելող կինոգործիչները, որոնք ժամանել են Հայաստան, վարպետության դասեր կանցկացնեն:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներն են կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կինոքննադատներ Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը։

Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում