Տնտեսություն

Կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բաժնետոմսերը որպես նվիրատվություն է ընդունել

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բաժնետոմսերը որպես նվիրատվություն է ընդունել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը որպես նվիրատվություն «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունից ընդունել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում սեփականության իրավունքով վերջինիս պատկանող 25 տոկոս բաժնետոմսերը:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Կառավարության որոշումից, որտեղ, մասնավորապես, նշված է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, ինչպես նաև հաշվի առնելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսեր նվիրելու առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունից ընդունել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունում վերջինիս սեփականության իրավունքով պատկանող 25 տոկոս (քսանհինգ տոկոս) 412,250.75 (չորս հարյուր տասներկու հազար երկու հարյուր հիսուն ամբողջ յոթանասունհինգ) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերը՝ 20,000 (քսան հազար) դրամ անվանական արժեքով բաժնետոմսերը՝ բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահելով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին:

2.Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին` տասնօրյա ժամկետում «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերության հետ համատեղ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրի կնքումն ու գույքային իրավունքների պետական գրանցումը՝ սույն որոշման 1-ին կետում նշված նվիրաբերող ընկերության միջոցների հաշվին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում