Քաղաքականություն

Միրզոյանը Լիտվայի իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրադրությանը

2 րոպեի ընթերցում

Միրզոյանը Լիտվայի իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրադրությանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 22-ին հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի ու Լիտվայի հարաբերություններում առկա դրական դինամիկայի կապակցությամբ և վերահաստատել են իրենց պատրաստակամությունը բարձր մակարդակով երկխոսության միջոցով խորացնելու առկա համագործակցությունը:

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության լայն օրակարգի, Հայաստանին ԵՄ կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության շուրջ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակին, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրադրությանը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի սադրիչ գործողությունները խաթարում են Հայաստանի ջանքերը՝ ուղղված իրավիճակի դեէսկալացիային և կայունության հաստատմանը:

Ղարաբաղյան հակամարտության համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ բանակցությունների գործընթացի վերսկսման և տևական ու համապարփակ կարգավորման կարևորությունը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում