Տնտեսություն

ԵՄ-ն դրական դիրքորոշում ունի ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն դրական դիրքորոշում ունի ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 9-ին հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակության հետ: Դեսպանը հայտնել է ԵՄ դրական դիրքորոշումը ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրի վերաբերյալ և անդրադարձել ԵՄ աջակցությամբ նախատեսվող ծրագրերին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից,

ողջունելով հյուրերին՝ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, ինչպես նաեւ հանրային ֆինանսների կառավարման համակարգի ներդրումն ու բարեփոխումների ռազմավարությունը: Նախարարն իր խոսքում բարձր է գնահատել ԵՄ հետ հաստատված սերտ համագործակցությունը եւ կարեւորել բոլոր ուղղություններով Միության հետ հարաբերությունների զարգացումը։

«Դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է նախարարին նշանակման առթիվ եւ հայտնել ԵՄ դրական դիրքորոշումը Կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրի վերաբերյալ: Դեսպանն անդրադարձել է ԵՄ աջակցությամբ նախատեսվող ծրագրերին, որոնք ուղղվելու են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսության խթանմանը, փոքր եւ միջին բիզնեսի, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը եւ այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ, ամփոփելով հանդիպումը, կողմերը շեշտել են, որ ԵՄ-ի կողմից Հայաստանին առաջարկվող ծավալուն փաթեթը ոչ միայն խոշոր ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորություն է, այլեւ Հայաստանում եվրոպական արժեքների ամրապնդում եւ վերահաստատում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում