Հայաստանը 2022 թվականից հրաժարվում է պոլիէթիլենային տոպրակներից. ինչ այլընտրանք է առաջարկվում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2022 թվականից հրաժարվում է պոլիէթիլենային տոպրակներից: Արդյունքում նախատեսվում է, որ տարեկան մոտ 12 տոննա պոլիէթիլենային տոպրակ դուրս է գալիս շրջանառությունից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը նշեց, որ օրենսդրական փոփոխություններն արված են, տնտեսվարողների հետ աշխատանք տարվում է, և պետք է ամեն ինչ անել 2022 թվականի հունվարից օրենքի պահանջները պատշաճ կարգով կատարելու համար:

«Օրենքի ընդունումից առաջ մենք բավական երկար ժամանակ քննարկումներ ենք ունեցել տնտեսվարողների հետ: Առաջին խումբը, որի հետ աշխատանք ենք տարել, հենց տնտեսվարողներն են եղել: Տրվել է 2-3 տարի ժամանակ վերապրոֆիլավորվելու և այլընտրանքային լուծումներ փնտրելու համար: Ասեմ, որ շատ դեպքերում բողոքներ կան և դա բնական է: Այդուհանդերձ, մենք չենք կարող զերծ մնալ նման նախագծերից»,-ասաց Լուսինե Ավետիսյանը:

Նա ընդգծեց, որ բոլորն էլ ականատես են լինում, թե բնությունն ինչպես է աղտոտված հենց պոլիէթիլենային տոպրակներով ու պլաստիկ շշերով: Հանրապետության գետերի հուները լցված են պոլիէթիլենային տոպրակներով և մաքրման աշխատանքները ժամանակավոր լուծում են:

«Յունիթրեյդ ինտերնեյշնլ» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, գործարար, տնտեսագետ Ավետիս Վարոսյանը նշեց, որ պլաստիկ ապրանքների շրջանառության կրճատումը շատ կարևոր ծրագիր է: Խոսելով պլաստիկ արտադրանքի հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասներից՝ Ավետիս Վարոսյանը նշեց, որ դրանց արտադրության ժամանակ սպառվում են մեծ քանակությամբ բնական ռեսուրսներ: Դրանից բացի, արդեն այդ ապրանքների օգտագործումից ի հայտ է գալիս քայքայման խնդիր: Պլաստիկի քայքայումից առաջանում են միկրոպլաստիկներ, որոնք ոչ պակաս վնասակար են, քան ինքնին պլաստիկը: «Յունիթրեյդ ինտերնեյշնլ» ընկերությունն առաջարկում է այլընտրանք պոլիէթիլենային տոպրակներին:

«Մեր ընկերության կողմից ներկրվում է համապատասխան հումք, որը կենսաքայքայվող է և այլընտրանքային լուծում է ինչպես մեկանգամյա, այնպես էլ բազմակի օգտագործման տոպրակների համար: Մեր բերված հումքը քայքայվում է ջրում: Այսինքն՝ կարելի է գնումներ կատարել առևտրի կենտրոնից, գնալ տուն, եռացնել թեյնիկը, մեր առաջարկած հումքից պատրաստած տոպրակներն ընկղմել տարայի մեջ, քայքայել, իսկ տվյալ ջուրն օգտագործել ծաղիկներ ջրելու համար կամ պարզապես թափել: Այն շրջակա միջավայրին վնաս չի պատճառում»,-ասաց Ավետիս Վարոսյանը:

Մասնագետները նկատեցին, որ աշխարհում տարեկան սպառվող պոլիէթիլենային տոպրակի ընդհանուր ծավալի զգալի մասը հայտնվում է հողում և օվկիանոսներում: Միջազգային կառույցների ուսումնասիրությունների համաձայն, եթե երկրները չձեռնարկեն առանցքային փոփոխություններ, ապա մինչև 2050 թվականն օվկիանոսներում կարող է լողալ ավելի շատ պլաստիկ, քան ձուկ:

Բանախոսներն օրենսդրական փոփոխություններից, դրույթները պարտադիր լինելուց զատ կարևորեցին քաղաքացիների վարքագիծը: Նախատեսվում են իրազեկման, կրթական միջոցառումներ, որոնք կհանգեցնեն պլաստիկի կրճատմանը, բազմակի օգտագործման տոպրակների շրջանառության ավելացմանը: «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ նախագահ, համահիմնադիր Մխիթար Ավետիսյանը ներկայացրեց «Հավատարմության տոպրակ» նախագիծը, որն առաջարկում է այլընտրանք մեկանգամյա պլաստիկ տոպրակներին ու փորձում խրախուսել սպառողներին:

«Առաջարկում ենք բազմակի օգտագործման տոպրակ՝ յուրահատուկ լուծումներով: Տոպրակը ձեռք բերելուց հետո պետք է ներբեռնել համապատասխան հավելվածը: Ծրագրին միացած խանութներում այդ տոպրակով գնումներ կատարելիս՝ սպառողը կարող է կուտակել բոնուսներ»,-ասաց Մխիթար Ավետիսյանը:

Նա նշեց, որ արդեն 8 տնտեսվարող միացել է այս նախագծին: Այս նախագծի նպատակն է ինչպես պլաստիկ տոպրակների ծավալի կրճատումը, այնպես էլ իրազեկվածության բարձրացումը:

Պետության քաղաքականությունն ուղղված է ոչ թե մաքրմանն ու վերամշակմանը, այլ ընդհանուր պլաստիկի ծավալների զգալի կրճատմանը: Պոլիէթիլենային տոպրակների կրճատումն ընդհանուր ծրագրի մի մասն է, առաջիկայում անդրադարձ է կատարվելու նաև մյուս պլաստիկ ապրանքներին:

2022 թվականի հունվարի 1-ից առևտրի կետերում արգելվելու է պոլիէթիլենային տոպրակների տրամադրումը և վաճառքը: Բացառություն են կազմելու երկրորդային հումքից արտադրված տոպրակները և կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերը: Վերջիններս առանց բռնակների տոպրակներն են, որպեսզի հետո չծառայեն ապրանքների տեղափոխման գործընթացին:

Հայերեն English

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին

MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ