Տնտեսություն

Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում արոտավայրերի կառավարման խնդիր է տեսնում

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում արոտավայրերի կառավարման խնդիր է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում արոտավայրերի կառավարման խնդիր է տեսնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտնեց Սյունիքի մարզի Գորայք համայնքում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ:

«Սյունիքում շատ է խոսվում և քննարկվում արոտավայրերի տարածքի կրճատման մասին, բայց ես խորապես համոզված եմ, որ հանրապետությունում մենք դրա խնդիրը չունենք: Մեզ մոտ արոտավայրերի կառավարման խնդիր կա: Այսօր ՀՀ-ում 1 մլն հա-ից ավելի արոտավայր կա, և դրանք կարող են եռակի անգամ շատ ապահովել մեր այսօր եղած անասունների գլխաքանակը: Մեր երկրում Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի մարզերն ամենաշատ արոտավայրերն ունեն, խնդիրը, կարծում եմ, մեկն է՝ այդ տարածքներ հասնելու խնդիրներ են հաճախ լինում»,- նշեց Փաշինյանը և հավելեց, որ պետք է հասկանալ, թե ինչ է հարկավոր անել:

Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է խնդիր դնել և դրան լուծում տալ, ինչպես օրինակ իրականացվում են ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները: Փաշինյանն ընդգծեց, որ նախատեսում են դեպի արոտավայրեր տանող գրունտային ճանապարհներ կառուցել:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում ամենահրատապ խնդրին` վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ դա վարկերն են:

«Ստեղծվում է այնպիսի խնդիր, որ վարկերի պատճառով գյուղացին պարտքեր է կուտակում: Այսօր ունենք «խելացի» գոմերի, ջերմատների լիզինգի ծրագրեր, որոնք գյուղացու մոտ զարգացում պետք է ապահովեն: Խնդիրը կայանում է նրանում, որ գյուղացիները ծանրաբեռնված են վարկային պարտավորություններով: Լուծումներից մեկն այն է, որ պետք է գյուղացիները հավաքվեն և ձևավորեն գյուղատնտեսական կոոպերատիվ և լիզինգի այդ վարկերից կկարողանան օգտվել»,- նշեց Փաշինյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում