Արցախ

ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել ներքին անվտանգության ապահովման որոշ հարցերի շուրջ

2 րոպեի ընթերցում

ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել ներքին անվտանգության ապահովման որոշ հարցերի շուրջ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ ապրիլի 5-ին տեղի է ունեցել Արցախի ներքին անվտանգության ապահովման որոշ հարցերի շուրջ խորհրդակցություն՝ իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում հասարակական կարգի պահպանմանը, հանցագործությունների կանխարգելմանը, իրավապահների կողմից հանրային հնչեղության ստացած հարցերին արագ և արդյունավետ արձագանքելու հետ կապված հարցեր: «Վերջին ամիսներին Հանրապետությունում գրանցված ինքնասպանությունների և զենքի կիրառմամբ կատարված որոշ հանցագործությունների դեպքերի առնչությամբ զեկուցումներով հանդես են եկել իրավապահ մարմինների ղեկավարները: Հանրապետության նախագահը իրավապահներից պահանջել է գործել թափանցիկ և օպերատիվ՝ հավատարիմ մնալով օրենքի տառին և բարձրացնելով ներքին կարգուկանոնի ապահովման աշխատանքների արդյունավետությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են նաև ռազմական գործողությունների հետևանքով մերձճակատային գոտում հայտնված բնակավայրերի և ճանապարհների անվտանգությանն առնչվող հարցեր: Հանրապետության նախագահի հանձնարարականով, անվտանգության նկատառումներից ելնելով, սկսվել են ինչպես այդ բնակավայրերի, այնպես էլ ներհանրապետական կարևոր մայրուղիների գիշերային լուսավորության համակարգերի ներդրման աշխատանքները, հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում