1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության mիջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Գործողության ընթացքում Արցախում ռուսաստանյան խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից 2020 թվականի նոյեմբերի 23-ից ականազերծվել է ավելի քան 1 873 հա տարածք, ավելի քան 575 կմ ճանապարհ, 1 658 շենք-շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 հազար 379 պայթուցիկ նյութ։
Արցախում պայթունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման և մաքրման ընթացքում ռուսաստանցի խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքի պայմաններում: Պայթյունավտանգ առարկաները ոչնչացվում են «Բալիջա» հրաձգարանում:
Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուսաստանյան խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։