Մշակույթ

«Տարկովսկու օր» միջոցառմանը կներկայացվի Ստանիսլավ Լեմի «Սոլարիս» վեպը

2 րոպեի ընթերցում

«Տարկովսկու օր» միջոցառմանը կներկայացվի Ստանիսլավ Լեմի «Սոլարիս» վեպը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր, սցենարիստ Անդրեյ Տարկովսկու ծննդյան օրը՝ ապրիլի 4-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում կանցկացվի «Տարկովսկու օր» (Tarkovsky Day) միջոցառումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իրադարձության շրջանակում կներկայացվի Անդրեյ Տարկովսկուն նվիրված դասախոսություն, որը կվարի կինոգետ, ռադիոհաղորդավար, «Ոսկեծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը:

Թարգմանիչ, կինոգետ Զավեն Բոյաջյանը կներկայացնի դասախոսություն Ստանիսլավ Լեմի «Սոլարիս» վեպի մասին, որի հիման վրա Անդրեյ Տարկովսկին նկարահանել է համանուն ֆիլմը:

Երեկոյին կկայանա նաև գրքի շնորհանդեսը, որը վերջերս «Բաբելոնյան գրադարան» մատենաշարով լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: Լեհերենից թարգմանությունը` Մ. Գրոխոլսկայի և Վ. Վասիլյանի:

Լեհ գրող Ստանիսլավ Լեմի «Սոլարիս» վեպը համաշխարհային գիտաֆանտաստիկայի գլուխգործոցներից է, որտեղ հեղինակը կանխագուշակել է մեր քաղաքակրթության գլխավոր խնդիրը՝ գիտական և տեխնիկական մեծ առաջընթացի և մարդու հոգևոր-բարոյական անկման խոր հակասությունը՝ իր բոլոր աղետալի հետևանքներով: «Սոլարիս» վեպն ունեցել է ամենաուժեղ ուղղակի կամ անուղղակի ազդեցությունը 20-րդ դարի համաշխարհային գիտական ֆանտաստիկայի վրա»,- ասել է գրող, սցենարիստ Բորիս Ստրուգացկին:

Միջոցառմանը կներկայացվեն նաև արտ ինստալացիաներ, Տարկովսկու ֆիլմերի պաստառների ցուցահանդես, ինչպես նաև կցուցադրվի Անդրեյ Տարկովսկու «Հայելի» ֆիլմը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում