Մշակույթ

Մեկնարկել է Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի դրամահավաք-արշավը 

7 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի դրամահավաք-արշավը 

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» կինոնախագիծը կյանքի կոչելու համար մարտի 30-ից kickstarter.com հարթակում մեկնարկել է ֆիլմի դրամահավաք-արշավը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է մուտք գործել kickstarter.com կայք, այնտեղ փնտրել Revival: a film by Jivan Avetisyan, որտեղ հնարավոր կլինի գտնել լիարժեք ինֆորմացիա ֆիլմի մասին: Որոշակի գումարի չափով նվիրաբերություն անելու դեպքում կարելի է նաև նվեր ընտրել՝ դիտել Ջիվան Ավետիսյանի նախորդ ֆիլմերը, մասնակցել կինոնկարի արտադրության գործընթացին, դիտել ֆիլմերի ռեժիսորական տարբերակները և այլն:

Մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը Ջիվան Ավետիսյանն ասաց, որ դրամահավաքի շեմը, որը փորձելու են հատել, 100 հազար ԱՄՆ դոլարն է: Այն կազմում է «Վերածնվածը» ֆիլմի արտադրության տասը տոկոսը: «Աջակիցների օգնությամբ կարողացել ենք ֆիլմի զարգացման գումարը գոյացնել: Դրամահավաքի միջոցով վերոնշյալ գումարը գտնելուց հետո աշնանը դիմելու ենք Ազգային կինոկենտրոնի աջակցությանը: Հաջորդ տարի հունվարին հայտ ենք ներկայացնելու միջազգային ֆոնդերին, բայց դա չի նշանակում, որ գումարը հավաքվելու է միայն դրամահավաքով. այժմ արդեն բանակցություններ են ընթանում տարբեր ֆոնդերի, ներդրողների հետ: Նախատեսվում է ֆիլմի արտադրությունն սկսել 2022 թվականի աշնանը»,-շեշտեց Ավետիսյանը:

Նա հիշեցրեց, որ մինչ օրս նկարահանել է Արցախի մասին պատմող երեք ֆիլմ՝ «Թևանիկը», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը»: 2018-ին սկսել են աշխատել «Վերածնվածը» ֆիլմի շուրջ, որը պետք է անդրադառնար 2016 թվականի Ապրիլյան պատերազմին: «Մեզ համար առաջնային է ստեղծել արվեստի գործ, բարձրորակ աշխատանք, որի միջոցով կպատմենք Արցախի մասին: Հիմա առավել կարևոր է ապագա սերունդներին իրականությունը մատուցելը: Պետք է կարողանանք գնահատել ու տեղ հասցնել այն իրողությունը, որը կատարվել է մեզ հետ և բարձրորակ ֆիլմի միջոցով ներկայացնել թե՛ մեզ, թե՛ հանրությանը»,- նշեց ռեժիսորը:

Սցենարիստ Նարինե Ոսկանյանի խոսքով՝ ֆիլմի թեման խաղաղությունն է, որին հասնելու համար կարիք կա գտնել մեր ինքնությունը: «Այսօր աշխարհն է կորցրել իր ինքնությունը. մարդածին աղետները տեղի են ունենում հենց այդ պատճառով: Մենք էլ վերածնվելու կարիք ունենք: Վերածնունդը պետք է Արցախից սկսվի»,- ասաց Ոսկանյանն ու հավելեց, որ Ացախում տարիներ առաջ տեղի ունեցած դեպքերը դառնում են ֆիլմի բոլոր հերոսների ինքնության վերագտման առիթ, և հենց դրա շուրջ է կառուցվում կինոնկարը, որը պատմելու է ոչ թե Ապրիլյան պատերազմի մասին, ինչպես նախատեսված էր, այլ անդրադառնալու է 2020-ի Արցախյան 44-օրյա պատերազմին:

Ըստ կինոգետ, ֆիլմի սցենարի խորհրդատու Զավեն Բոյաջյանի՝ «Վերածնվածը» թեմայի, կերպարների և բովանդակության առումով հետաքրքիր է և նոր շերտ կարող է բերել ժամանակակից հայկական կինոյին:

Անդրադառնալով Ջիվան Ավետիսյանի նախորդ ֆիլմերին՝ նա նշեց, որ «Դրախտի դարպասը» ֆիլմից սկսած էական փոփոխություն կա Ավետիսյանի՝ Արցախը ներկայացնելու մոտեցման մեջ:

«Արցախյան թեման միջազգայնացել է: Այսինքն, Արցախի խնդիրները, մեզ հուզող հարցադրումները ֆիլմի գեղարվեստական հյուսվածքի առումով տեղափոխվել են միջազգային շրջանակներ, դեպքերն այլևս չեն ծավալվում միայն Արցախում, այլև՝ Եվրոպայում: Հերոսները սյուժետային փոփոխությանը համապատասխան դարձել են օտարազգի դեմքեր: Նոր նախագիծը, որը ֆիլմ կդառնա, շարունակում է այն գիծը, որը նախանշվել էր նախորդ՝ «Դրախտի դարպասը» ֆիլմում: Այստեղ ևս գործ ունենք տարբեր ազգերի հերոսների հետ: Կան արցախաբնակ հայեր, սփյուռքահայեր, ֆրանսիացիներ և այլք: Մարդիկ են, որոնք ինքնության որոնումներում են»,- ընդգծեց Բոյաջյանը:

Ֆիլմի արտադրության խորհրդատու Հասմիկ Ավետիսյանն էլ շեշտեց, որ հաջողված սցենարը ֆիլմի հիմքն է, որին զուգահեռ երեք տարի շարունակ աշխատում են կինոնախագծի տնտեսական, տեխնիկական կողմի վրա: Նախագիծը ներկայացրել են Բեռլինի կինոշուկայում, որտեղ ձեռք են բերել ոչ միայն կոնկրետ գործակցության առաջարկներ, այլև տարիների ընթացքում համակիրների բանակ են հավաքել, որը հետաքրքրությամբ սպասում է ֆիլմի ստեղծմանը: Ավետիսյանը կարևորեց ֆիլմի ստեղծման գործում եվրոպական երկրներից համաարտադրողների ներգրավումը, որ թե՛ պատմությունը, թե՛ ընթացքը համապատասխանեն միջազգային ստանդարտներին: Աշխատել են եվրոպական ֆոնդերի հետ, և աշխատում են դիստրիբյուտորների, հեռարձակողների հետ:

«Վերածնվածը» կինոնախագծի դերասանական կազմի անունները դեռ հայտնի չեն: Ռեժիսորն ասում է, որ չեն հնչեցելու անուններ՝ դերասաններին հարևան երկրի հարձակումներից պաշտպանելու համար: Նախորդ փորձը ցույց է տվել, որ ադրբեջանական կողմը գտնում է օտարազգի դերասաններին ու հալածում նրանց: «Վերածնվածը» ֆիլմում դերասաններ են ընդգրկվելու Հայաստանից, կլինեն հայ դերասաններ, որոնք ապրում, ստեղծագործում են արտերկրում: Նրանցից ոմանք այնքան էլ հայտնի չեն, բայց նրանց վստահված են գլխավոր դերեր: Այժմ բանակցում են երկու հայտնի դերասանի հետ:

«Մի կնոջ գաղտնիքը», որը դառնում է երեք տարբեր ճակատագրի փոխկապակցման պատճառ. ռոբոտաշինության ֆակուլտետի ֆրանսիաբնակ ուսանողը պատերազմում սպանված հոր մասին ճշմարտությունը պարզելու համար որոշում է մեկնել Հայաստան/Արցախ:

Կինոնկարն արտադրելու է «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամը: Համաարտադրող ընկերություններն են «Արցախ արվեստի և մշակութային հիմնադրամ»-ը (ԱՄՆ) և «Արտբոքս» փրոդաքշն հաուսը (Լիտվա): Աջակիցներն են Հայաստանի ազգային կինոկենտրոնը և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Անժելա Համբարձումյան

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

Մշակույթ

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

Մշակույթ

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Մշակույթ

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով

Մշակույթ

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

Մշակույթ

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

Մշակույթ

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

Լեդի Գագայի «911» տեսահոլովակի հեղինակ Թարսեմ Սինգհը «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է

Մշակույթ

Լեդի Գագայի «911» տեսահոլովակի հեղինակ Թարսեմ Սինգհը «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց «ՔոչարՖեստ»ը

Մշակույթ

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց «ՔոչարՖեստ»ը

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

Մշակույթ

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

Գործիքավորումներ ու համերգային ակտիվ շրջագայություններ. դաշնակահար Էդգար Հայրապետյանը հանգստանալու ժամանակ չունի

Մշակույթ

Գործիքավորումներ ու համերգային ակտիվ շրջագայություններ. դաշնակահար Էդգար Հայրապետյանը հանգստանալու ժամանակ չունի

«Սանհիթ» արևային կայանների ընկերությունը Երևանի դրամատիկական թատրոնի մշակութային գործընկերն է

Մշակույթ

«Սանհիթ» արևային կայանների ընկերությունը Երևանի դրամատիկական թատրոնի մշակութային գործընկերն է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում