Տնտեսություն

2020-ին ավելի շատ հայրենադարձվածներ են օգտվել գույքային արտոնություններից. Մանրամասներ ՊԵԿ-ից

2 րոպեի ընթերցում

2020-ին ավելի շատ հայրենադարձվածներ են օգտվել գույքային արտոնություններից. Մանրամասներ ՊԵԿ-ից

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: : «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն ՀՀ մշտական բնակության ժամանած և իրենց գույքը բերած ավելի շատ ֆիզիկական անձինք են կարողացել օգտվել արտոնություններից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը նշեց, որ նախկինում ՀՀ մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձն առնվազն հինգ տարի անընդմեջ յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում 184 օր և ավելի պետք է բնակված լիներ ՀՀ տարածքից դուրս, որի հետևանքով էլ հաճախ էին մերժվում էին հայրենադարձվածների դիմումները: Այսօր գործող օրենսդրության համաձայն՝ ՀՀ մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձը լիազոր մարմին դիմելու օրվան նախորդող 1825 օր (5տարի) ժամանակահատվածում առնվազն 915 օր (2,5տարի) պետք է բացակայած լինի Հայաստանի Հանրապետությունից:

«Մենք գույքագրեցինք խնդիրները, քաղաքացիների հետ քննարկեցինք ու, համագործակցելով Ազգային ժողովի հետ, օրենսդրական փոփոխություններ կատարվեցին, որոնք ավելի պարզեցրեցին գործընթացները: Արդյունքում, ավելի շատ մարդ է կարողացել դիմել և ստանալ արտոնություններ տեղափոխող անձնական գույքի համար»,-ասաց Արտեմ Կարապետյանը:

Ինչպիսի՞ն է եղել դիմելիության դինամիկան: Արտեմ Կարապետյանի խոսքով, հաշվի առնելով, որ 2020 թվականին է օրենսդրական փոփոխությունը կատարվել, իսկ այդ ժամանակ արտակարգ, ռազմական դրության հետ կապված սահմանով քաղաքացիների տեղաշարժը սահմանափակ էր, հետևաբար դինամիկան սպասվածից քիչ էր:

«Մենք ավելին էինք սպասում, բայց իրողություններից ելնելով, ունենք հետևյալ պատկերը: Եթե 2019 թվականին 419 դիմում ենք ունեցել արտոնություն ստանալու համար, որից բավարարվել էր ընդամենը 40 տոկոսը: Այս անգամ սահմանափակ պայմաններում 355 դիմումից գրեթե 70 տոկոսից դրական պատասխան է տրվել: Ինչպես տեսնում եք դրական պատասխանների թիվը կտրուկ աճել է: Մենք հույս ունենք, որ սահմանափակումներից հետո ավելի ակտիվ կլինի գործընթացը»,-ասաց Արտեմ Կարապետյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում