Նորություն առևտրական կցորդների ինստիտուտում. արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիները կարող են դիմել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ակտիվացնում է առևտրական կցորդի ինստիտուտը․ արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիները՝ սահմանված համապատասխան պահանջներին բավարարելու դեպքում կարող են իրենց կապերը և հնարավորություններն օգտագործել ի շահ Հայաստանի տնտեսության զարգացման: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

Նա հիշեցրեց, որ նախկինում առևտրական կցորդների մի մասը ֆինանսավորվել է պետբյուջեից, մյուսը՝ ոչ: Արտերկրում բնակվող հայ հաջողակ գործարարը՝ ընտրվելուց և համապատասխան հավատարմագրում անցնելուց հետո նշանակվել է առևտրական ներկայացուցիչ՝ առանց պետական ֆինանսավորման, և ունեցել նույն իրավունքները, ինչ այլ առևտրական ներկայացուցիչները, որոնք ֆինանսավորվել են պետբյուջեից:

«Հիմա, քանի որ պետք է տարբեր երկրներում ակտիվացնել առևտրատնտեսական հարաբերությունները և մեծացնել արտահանումների ծավալները, ինչպես նաև համապատասխան ներդրումներ ներգրավել, մենք բացում ենք առևտրական ներկայացուցիչների ողջ ինստիտուտը և խնդրում, որ ՀՀ այն քաղաքացիները, որոնք ապրում են արտերկրում և բավարարում են առևտրական կցորդներին ներկայացված համապատասխան պահանջներին, դիմեն, ներկայացնեն իրենց գործունեության ծրագիրը», - ասաց Սիմոնյանը:

Այդ անձինք պետք է ներկայացնեն, թե ինչպես են պատկերացնում իրենց գործունեությունը, տարեկան կտրվածքով իրենց գործողություններն ինչքանով կազդեն արտահանման ծավալների մեծացման և ներդրումների ներգրավվման, ինչպես նաև տվյալ երկրի հետ առևտրատնտեսական համագործակցության խորացման վրա։ Այս քայլով Հայաստանի առևտրական կցորդների սփռվածությունը կմեծանա: Ըստ փոխնախարարի՝ հավակնորդները պետք է լինեն արտերկրում կայացած անձինք, գործարարներ, որոնք ունեն լայն կապեր և Հայաստանի տնտեսության համար այս բարդ վիճակում կարող են այդ ամենն օգտագործել ի շահ տնտեսության զարգացման:

Առևտրական կցորդ ունենալու առումով Հայաստանի առաջնային թիրախները լինելու են հարևան Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը, ԵՄ երկրները, ԱՄՆ-ը, Կանադան և շատ այլ երկրներ:

Ըստ փոխնախարարի՝ առևտրական կցորդների գործունեության աշխարհագրության ընդլայնումը կնպաստի արտահանման և ներդրումների ծավալների ավելացմանը, առևտրային խոչընդոտների վերհանմանը և վերացմանը, տեղում ՀՀ արտահանողների, ներմուծողների շահերի պաշտպանությանը: «Կան մարդիկ, որ ցանկություն ունեն արտահանելու, սակայն չգիտեն ձևը կամ եթե գիտեն ձևը և արտահանում են, որոշակի խոչընդոտների են հանդիպում: Այդպիսի խոչընդոտների վերացման համար մեր գործարարների շահերի ներկայացնողը և առաջին պաշտպանն առևտրական կցորդն է լինելու», - նշեց Սիմոնյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է առևտրական կցորդի պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություն:

Հայերեն Русский

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից