Տնտեսություն

Կառավարությունն ընդլայնում է ֆինանսական միջոցների հասանելիությունը բիզնեսին. դեմ էին փոխվարչապետն ու երկու նախարար

4 րոպեի ընթերցում

Կառավարությունն ընդլայնում է ֆինանսական միջոցների հասանելիությունը բիզնեսին. դեմ էին փոխվարչապետն ու երկու նախարար

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բիզնես անելու հիմնական խոչընդոտը ոչ բյուրոկրատիան է, ոչ էլ նույնիսկ նախկինում եղած կոռուպցիան, ոչ էլ հարկերը, այլ ֆինանսական միջոցների անհասանելիությունը: Այդ մասին կառավարության նիստում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի կողմից ներդրումների իրականացման գործընթացում փոփոխություններ կատարելու նախագիծը։

Ըստ նախարարի՝ Հայաստանում բիզնեսմենը կարող է փող վերցնել միայն բանկից, չկան այլ ենթակառուցվածքներ, որոնք շատ զարգացած են աշխարհում։ «Դրանք են մասնավոր ներդրումային ֆոնդերը, հրեշտակային և վենչուրային ֆոնդերը, կորպորատիվ արժեթղթերի շուկան, կապիտալի շուկաները։ Հայաստանում այդ բոլոր ենթակառուցվածքներն իսպառ բացակայում են, և այսօր բանկային համակարգն ունի մոնոպոլ դիրք՝ բիզնեսը ֆինանսավորելու առումով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Քերոբյանը՝ ավելացնելով, որ Հայաստանում այդ մոնոպոլ դիրքը չի թուլացվել ներդրումային ֆոնդի վերաբերյալ որոշումն ընդունելով։

«Այսինքն՝ մենք պնդում ենք, որ ընկերությունն անպայման պետք է գնա բանկ, վարկավորում վերցնի նաև բանկից։ Մեր նախարարության գերխնդիրն է ստեղծել այն բոլոր ենթակառուցվածքները՝ բանկային համակարգին զուգահեռ, որոնք փողը հասանելի կդարձնեն բիզնեսմեններին։ Եվ կառավարություն ներկայացված նոր որոշման նախագծով մենք թույլ ենք տալիս, որ ընկերությունները հնարավորություն ստանան իրենց կապիտալը համալրել նաև պետական օժանդակությամբ»,- ասաց Քերոբյանը։

Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել այն կետը, համաձայն որի՝ ֆոնդի կողմից ներդրումներ կարող են իրականացվել այն առևտրային կազմակերպություններում, որոնք ֆոնդի կողմից ներդրման իրականացման դեպքում միաժամանակ կստանան առնվազն նույն չափով ներդրում մասնավոր ներդրողից։ Մյուս պահանջն այն էր, որ ֆոնդի և մասնավոր ներդրողի կողմից ներդրման իրականացման դեպքում կազմակերպությունը պետք է ստանար առնվազն այդ ներդրումների հանրագումարի չափով վարկային միջոցներ։ Այս երկու դրույթն էլ չեղյալ արվեց։

Քերոբյանն ասաց, որ այս պահանջները խիստ սահմանափակում էին ներդրումային ֆոնդի պոտենցիալ շահառուների շրջանակը։ Նախարարությունն առաջարկում է դրանք հանել, որպեսզի հնարավոր լինի ներդրումներ կատարել մասնավոր ընկերություններում։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ իրենք հանրային միջոցներ են ծախսում, իսկ պետական բյուջեի գործառույթն այնպիսի ենթակառուցվածքներում ներդրումն է, որտեղ մասնավորը երբեք ներդրում չի կատարում։ «Այս միջոցառումն ունեցել է հակաճգնաժամային բնույթ։ Եվ եկեք այդ գաղափարախոսությունը պահպանենք, որ պետությունը չի կարողանում ռիսկերը կառավարել։ Եթե հիմա ինչ-որ բան է փոխվել, և մենք համարում ենք, որ պետությունն այսուհետ կարողանալու է, ուրեմն եկեք հավանություն տանք ու գնանք առաջ։ Մեր խորին համոզմամբ՝ պետությունը չի կարողանալու գնահատել ռիսկերը, դրա համար է բանկն այստեղ ներառված, որպեսզի գնահատի վարկունակությունը, սուբյեկտի տնտեսական գործունեության կենսունակությունը, և ըստ դրա պետությունը մասնակցի պարոն Քերոբյանի ասած ֆինանսական միջոցները հասանելի դարձնելու պրոցեսին»,- ասաց Ջանջուղազյանը։

Իր հերթին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Մենք ասում ենք պետություն, բայց ասվեց, որ կա ինվեստիցիոն կոմիտե։ Այսինքն՝ ըստ էության այդ որոշումները ոչ թե պետական մարմինն է կայացնելու, այլ արտապատվիրակվել է այդ գործողությունը»։

Երկարատև քննարկման արդյունքում որոշումն ընդունվեց: Դրա ընդունմանը դեմ քվեարկեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում