ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում է՝ Հայաստանում իրականացվում են խոշոր ներդրումային ծրագրեր: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ ներկայում երկրում կան շատ ներդրողներ և չի տարանջատում՝ նրանք արտերկրից են, թե ներսից: «Ես ամեն օր հանդիպում եմ մի քանի նման ներդրողի հետ և ամեն օր լուծում եմ նրանց առջև ծառացած խնդիրները», -«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Քերոբյանը:
Հարցին, թե ե՞րբ հնարավոր կլինի խոշոր ներդրումներ տեսնել, նախարարը նշեց, որ կարող է լրագրողներին հիմա էլ ներկայացնել նման օրինակ: «Կարող ենք գնալ, հենց հիմա 100 միլիոնանոց ներդրում ցույց տամ՝ «Ռենշին» ընկերությունը»,- ընդգծեց նա:
«Ռենշինը» շինարարական-ներդրումային ընկերություն է, որն անմիջական մասնակցություն ունի երկրի անշարժ գույքի շուկայի ձևավորմանը: 2020թ․ դեկտեմբերի 24-ին ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնի տարածքային բաժնի կողմից գրանցվել է «Ռենշին» ընկերության 3 000 000 000 (երեք միլիարդ) ՀՀ դրամով կանոնադրական կապիտալը: