Հասարակական

ՀՀ պետական սահմանների որոշման հարցում մեխանիկական մոտեցումները պետք է ուղղակի բացառվեն. ՄԻՊ

2 րոպեի ընթերցում

ՀՀ պետական սահմանների որոշման հարցում մեխանիկական մոտեցումները պետք է ուղղակի բացառվեն. ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պետական սահմանների որոշման հարցում մեխանիկական մոտեցումները պետք է ուղղակի բացառվեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Շուռնուխ գյուղի բնակիչ Ստյոպա Մովսիսյանի տան ուղիղ հարևանությամբ գտնվող նրան պատկանող անասնաշենքը GPS [գլոբալ տեղորոշման] համակարգի կամ Գուգլ քարտեզի (Google Map) կիրառության արդյունքում բաժանվել է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական»:

Ընդ որում, ինչպես տան, այնպես էլ անասնաշենքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը հաստատված է ՀՀ կադաստրի կոմիտեի վկայականներով:

Հենց այդ տան տարածքում մենք փորձեցինք Գուգլ (google) քարտեզների մի քանի տարբերակներ, որոնցից ամեն մեկը ցույց տվեց տարբեր արդյունք, այդ թվում՝ Ստյոպա Մովսիսյանի տունը ու Շուռնուխ գյուղն ամբողջությամբ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության տարածքի մաս:

Ցավոք, այսօր նման պատմությունները բազմաթիվ են. Նման կոնկրետ օրինակներն են հենց ապացուցում, որ սահմանների որոշման մինչ այս պահը կիրառվող մոտեցումների, GPS կամ Գուգլ քարտեզի (Google Map) մեխանիկական կիրառության պատճառով վտանգվել, իսկ հատկապես սեփականության ու մի շարք այլ իրավունքների դեպքում կոպտորեն խախտվել են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները:Մարդիկ սեփականության վկայականներով անգամ չեն կարողանում օգտվել իրենց գույքից:

Ուստի, Հայաստանի Հանրապետության պետական սահմանների որոշման հարցում նման մեխանիկական մոտեցումները, նման արագությամբ գործընթացները պետք է ուղղակի բացառվեն»,- նշել է Թաթոյանը:

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի` անհրաժեշտ են մասնագիտական մոտեցումներ, գիտական հետազոտությունների արդյունքներ, տեղում հանձնաժողովային մանրամասն աշխատանքներ, պատշաճ իրավական հիմքեր և այլն:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում