Արցախ

Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում. Արցախի նախագահի խոսնակ

2 րոպեի ընթերցում

Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում. Արցախի նախագահի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումից հետո այժմ ինտենսիվ բուժման կուրս է անցնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ անգամ Ջալալ Հարությունյանի մասին կեղծ տեղեկատվություն է տարածում, որ իբրև նա զոհվել է։ Միանգամից ասեմ, որ պարոն Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, և մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումից հետո այժմ ինտենսիվ բուժման կուրս է անցնում։ Նա շուտով կվերադառնա բանակի շարքեր։ Այդ ծանր պարտականությունների կատարումը Նախագահ Հարությունյանը վստահել է գեներալ Արզումանյանին։ Ստեղծված պատերազմական ծանր իրավիճակում, իսկապես, շատ են անելիքները։ Հաջողություն և կորով Ձեզ պարոն գեներալ»,-նշել է Վահրամ Պողոսյանը:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից` պայմանավորված մարտական դիրքում ստացած վիրավորումով։ Մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար՝ նրան շնորհելով գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում