Սփյուռք

Եվրոպական քաղաքներում հուժկու ցույցեր են անցկացվել` Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ

4 րոպեի ընթերցում

Եվրոպական քաղաքներում հուժկու ցույցեր են անցկացվել` Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայեր դատապարտում են Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները և բողոքի ակցիաներ են անցկացնում խոշոր քաղաքներում՝ պահանջելով տարբեր երկրների իշխանություններից ընդունել Արցախի անկախությունը, դադարեցնել աջակցել Ադրբեջանին և Թուրքիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարյուրավոր հայեր և նրանց սատարող օտարերկրացիներ հոկտեմբերի 10-ին ադրբեջանական ագրեսիայի դեմ բողոքի ակցիաներ են իրականացրել Լոնդոնում, Ստրասբուրգում և Բեռլինում:

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչները հոկտեմբերի 10-ին բողոքի ակցիա են կազմակերպել Լոնդոնում՝ վարչապետի նստավայրի մոտ, շեշտելով, որ խաղաղություն են ցանկանում և դատապարտում են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները:

Բողոքի ակցիայի մասնակիցները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշներն ու վանկարկել. «Մենք խաղաղություն ենք ուզում», «Դադարե՛ք աջակցել Թուրքիային», «Դադարե՛ք աջակցել Ալիևին», «Ալիևը բռնապետ Է», «Ամոթ Թուրքիային», «Արցախը մերն է», «Հաղթելու ենք»:

Նրանք երգել են Հայաստանի հիմնը և մի շարք հայրենասիրական երգեր:

Ստրասբուրգի բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել են Աստվածամոր տաճարի մոտ: Նրանք վանկարկել են. «Հաղթանակ», «Հայաստան», «Արցախը մերն է», «Ստեփանակերտ», «Հաղթելու ենք»:

Բեռլինի հայերը համախմբվել են քաղաքի Alexanderplatz հրապարակում: Նրանք գոչյուններով շեշտել են, որ հաղթանակը մերն է լինելու:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ հակառակորդը հրետակոծում և հրթիռակոծում էր նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորում էր նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում առարկայական բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում