Ադրբեջանին հասկացրին, որ իր պահանջն անիրատեսական է. քաղաքագետը՝ կրակի դադարի համաձայնության մասին
4 րոպեի ընթերցում
![Ադրբեջանին հասկացրին, որ իր պահանջն անիրատեսական է. քաղաքագետը՝ կրակի դադարի համաձայնության մասին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1031112.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմական գործողությունները սկսած կողմի՝ Ադրբեջանի համար առանց շոշափելի արդյունքի թեկուզ ժամանակավոր կրակի դադարեցման համաձայնելու որոշումը պարունակում է պարտության տարրեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը՝ անդրադառնալով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին համաձայնությանը:
«Պահանջները, որոնք բացարձակ բանական բնույթ չէին կրում, ըստ էության չէին կարող կյանքի կոչվել: Չնայած, որ Ադրբեջանը անընդհատ շեշտադրում էր, որ կարող են վերադառնալ բանակցային գործընթացին միայն այն դեպքում, երբ հայկական ուժերը դուրս կգան Լեռնային Ղարաբաղից, պարզ է, որ դա անիրատես պայման էր»,-ասաց Մարգարովը:
Նա նկատեց, որ Հայաստանի՝ բանակցություններն առանց նախապայմանների սկսելու վերաբերյալ պատրաստակամությունը, այս մասին հայտարարություններն ու միջազգային հանրության նույնական շեշտադրումները ապացուցում էին, որ Ադրբեջանի հայտարարությունները կառուցողական չեն:
«Ադրբեջանին հասկացրին, որ իր պահանջն անիրատեսական է: Պահանջը պետք է կապ ունենա իրականության հետ և այն գործողությունների հետ, որոնք տեսնում ենք մարտի դաշտում»,-նշեց Մարգարովը:
Քաղաքագետն ըստ էության Ադրբեջանի կողմից՝ կրակի դադարեցմանը համաձայնելը համարում է հետքայլ: «Եթե կողմը, որը սկսել է ռազմական գործողությունները, ստիպված է առանց շոշափելի արդյունքի դադարեցնել գործողությունները՝ նույնիսկ ժամանակավորապես, ուրեմն այդ կողմի համար, տվյալ դեպքում՝ ադրբեջանական կողմի համար կան պարտության տարրեր: Ադրբեջանական կողմը, որը սկսել է ռազմական գործողությունները, որը հարված է հասցնում միջազգային հանրությանը, չի կարող որևիցե իրավունք ստանալ»,-նշեց նա:
Քաղաքագետը նկատեց, որ դեռ մինչև երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շեշտադրում էր, թե ինքը տեսնում է այլ լուծումներ՝ բացի բանակցային գործընթացից: Սակայն, ինչպես իրականությունը ցույց տվեց՝ ռազմական լուծումը դեռ այն լուծումը չէ, որ Ադրբեջանը փորձում է ձեռք բերել:
Մարգարովը նշեց նաև, որ հայտարարությունները, որով ցանկանում էին Թուրքիային ներգրավել բանակցությունների մեջ, չեն ստացել ոչ մի արձագանք հենց Ռուսաստանի կողմից, այդ հայտարարություններն անտեսվել են: Սա ցույց է տալիս Ռուսաստանի դիրքորոշումը հարցի վերաբերյալ:
Մարգարովը հիշեցրեց, որ Մինսկի խմբի համանախագահողներն իրենց առաջին հայտարարությամբ կոչ էին արել ոչ միայն դադարեցնել ռազմական գործողությունները, այլ նաև վերսկսել բանակցությունները՝ գոյություն ունեցող ձևաչափի շրջանակներում: «Համանախագահող երկրները Թուրքիային չեն տեսնում որպես երկիր, որը կարող է ստանալ նույն կարգավիճակը, ինչ իրենք՝ նաև այն պատճառով, որ Թուրքիան չի բանակցում Հայաստանի հետ, Թուրքիան երկիր է, որը կողմնապահություն է ցուցաբերում, երկիր է, որն ունի իր հստակ ներգրավվածությունը կոնֆլիկտի մեջ՝ ի աջակցություն կողմերից մեկի»,-ասաց քաղաքագետը:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած՝ հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլպահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինումառարկայական բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը։
Աննա Գրիգորյան