3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Արտաքին գործերի նախարարությունը լիովին կիսում է միջազգային հանրության մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունների վերաբերյալ, որոնք հանգեցրել են զոհերի թվի ավելացմանը, այդ թվում ՝ քաղաքացիական բնակչության շրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում:
«Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին։ Կոչ ենք անում ամբողջովին պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և զինված հակամարտությունում քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու պարտավորությունը: Համոզված ենք, որ զինված բռնությունը չի հանգեցնի հակամարտության կարգավորմանը»,- ասված է հայտարարությունում:
Լեհաստանի ԱԳՆ-ն նշում է, որ ռազմական գործողությունները նաև սպառնում են տարածաշրջանի կայունությանը:
«Այս համատեքստում մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին` համոզելու կողմերին` անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ապաէսկալացնել իրավիճակը և նստել խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ: ԵԱՀԿ-ն համապատասխան հարթակ է տարածաշրջանային երկխոսության համար և ունի լարվածության թուլացմանն աջակցելու գործիքները»,- նշված է ԱԳՆ հայտարարությունում:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 240 զինծառայող և կամավորական:
Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաևՌուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրըԱՄՆ Պաշտպանության նախարարությունից:Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների: