Սփյուռք

Ուկրաինայի հայերի միությունը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի հայերի միությունը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հայերի միությունը հայտարարություն է տարածել Արցախի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը:

«Հայաստանի ԱԳՆ-ի աղբյուրների համաձայն, սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը սկսել է ինտենսիվ մարտական գործողություններ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով: Թիրախավորվել են խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ուկրաինայի հայերի միությունը դատապարտում է Ադրբեջանի ղեկավարության ագրեսիան և կոչ է անում համայնքին չտրվել սադրանքներին և դիտարկել ինֆորմացիայի միայն վստահելի աղբյուրները: Մենք կարծում ենք, որ ներկայում, երկրի համար դժվարին պայմաններում, բոլոր հայերը պետք է կանգնեն իրենց պատմական Հայրենիքի կողքին»,-ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ավելի վաղ, մոտ երկու ամիս առաջ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության հետևանքով Ուկրաինայում արձանագրվեցին անօրինական գործողություններ հայ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ: «Կոչ ենք անում լինել զգոն և հայտնել մեզ, եթե նման կոնֆլիկտի ականատես լինեք»,-ասված է հաղորդագրության մեջ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում