Քաղաքականություն

Արցախա-ադրբեջանական շփման գծում դեռևս ընթանում են թեժ մարտական գործողություններ․Արծրուն Հովհաննիսյան

2 րոպեի ընթերցում

Արցախա-ադրբեջանական շփման գծում դեռևս ընթանում են թեժ մարտական գործողություններ․Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով դեռևս շարունակվում են մարտական գործողությունները, որոնք բավականին թեժ են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց Միասնական տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հակառակորդը օդային միջոցների կիրառմամբ և ցամաքային զորքերի միջոցով անցել է լայնամասշտաբ հարձակման տարբեր հատվածներում։ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարն ու նախագահն արդեն իսկ հայտարարություններ են տարածել կոնկրետ ուղղություններով։ Ընթացող մարտերի վերաբերյալ հրապարակել ենք նաև տեսանյութեր։ Հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ։ Հասցրել է հրթիռային և ավիացիոն հրետանային հարվածներ ՊԲ զորամասերի տարբեր տեղակայման նշանակության օբյեկտների։ Կան որոշակի ավերածություններ, որոնք հիմնականում չնչին են, ավելի ուշ լրացուցիչ կավելացնենք կոնկրետ թվագրական տվյալներ»,- ասաց Հովհաննիսյանը։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում