ՊԵԿ նախագահը վստահեցնում է՝ հագուստ ներկրողների բարձրացրած խնդիրները լուծված են
1 րոպեի ընթերցում
![ՊԵԿ նախագահը վստահեցնում է՝ հագուստ ներկրողների բարձրացրած խնդիրները լուծված են](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/09/1028661.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հագուստ ներկրողների բարձրացրած խնդիրները լուծված են: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետական եկամուտների նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
«Ինչպես տեսնում եք՝ ակցիա էլ չեն անում, հարցը կարգավորվել է ՊԵԿ-ի ու հագուստի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող տնտեսվարողների համատեղ աշխատանքով։ Այսպես ասեմ՝ հարցը լուծված է», - «Արմենպրես»-ին փոխանցմամբ, ասաց ՊԵԿ նախագահը։
Առևտրականները բողոքի ակցիաներ էին անցկացնում մաքսազերծման սակագների փոփոխությունների հետ կապված: ՊԵԿ-ում ունեցած հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվել են ի գիտություն ընդունել մաքսազերծման կարգում օրենքի պահանջների կատարումը։ Բեռնափոխադրող կազմակերպությունների ներկայացուցիչները համակարծիք են եղել ՊԵԿ-ի ներկայացրած տեսակետներին, նշելով, որ պետք է Կոմիտեի հետ համաքայլ շարունակվի համագործակցությունը՝ զուգահեռ կառուցողական երկխոսություն և աշխատանք տանելով գործընկերների հետ։