Մշակույթ

Տիգրան Մանսուրյանը համավարակի ընթացքում գրել է երկու նոր ստեղծագործություն

2 րոպեի ընթերցում

Տիգրան Մանսուրյանը համավարակի ընթացքում գրել է երկու նոր ստեղծագործություն

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սիրված կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը համավարակի տարածման շրջանում երկու ստեղծագործություն է գրել, որոնք հույս ունի շուտով ներկայացնել երաժշտասերներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին մաեստրոն հայտնեց սեպտեմբերի 14-ին կազմակերպված մամուլի ասուլիսում:

«Մարտից հետո երկու գործ եմ գրել: Մի երիտասարդ ալտահարուհի, որը բնակվում է Գերմանիայում, ինձ խնդրել էր փոքրածավալ մի ստեղծագործություն գրել, որն անմիջականորեն կապ ունենար այն իրականության հետ, որում ապրում ենք բոլորս, երբ ստեղծագործող մարդիկ առանձնացած են, փակված, համերգային կյանքից դուրս: Ալտահարուհին ոչ միայն ինձ, այլև մի շարք այլ կոմպոզիտորների հետ է համագործակցում: Մեր ստեղծագործությունները ձայնագրելու է գերմանական ընկերություններից մեկի հետ»,- պատմեց Մանսուրյանը:

Նա շեշտեց, որ սիրով է համաձայնել մասնակցել այդ նախագծին` գրելով «Ձոն լռության» ստեղծագործությունը:

Հեղինակը գրել է նաև «Չորս հայրեն» շարք: «Կան սիրո հայրեններ, պանդխտության հայրեններ, բնության հայրեններ: Այս շարքը նվիրված է սեր և լուսին հարաբերությանը: Այն արդեն ավարտված է: Հուսամ` շուտով առիթ կլինի համերգային կյանքով ապրել և հնչեցնել նոր ստեղծագործությունները»,- եզրափակեց Տիգրան Մանսուրյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում