Հասարակական

Հայտնի են տնայնագործ պայմաններում պատրաստված օղու փորձաքննության արդյունքները

2 րոպեի ընթերցում

Հայտնի են տնայնագործ պայմաններում պատրաստված օղու փորձաքննության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները սեպտեմբերի 1-ին, լաբորատոր փորձաքննության նպատակով, նմուշառում էին կատարել 11 մարդու մահվան պատճառ դարձած Արմավիրում տնայնագործ պայմաններում պատրաստված օղու բռնագրավված խմբաքանակից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին տեսչական մարմնից, փորձաքննությունը հաստատել է թունավորման ախտանիշներով պայմանավորված նախնական վարկածը, այն է՝ օղիում առկա է մեթիլ սպիրտ, որի տոկոսը բազմակի անգամ գերազանցում է ԵԱՏՄ կանոնակարգերով հաստատված առավելագույն թույլատրելի չափաքանակը:

ՍԱՏՄ-ն ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ անհայտ ծագման ոգելից խմիչքներ օգտագործելուց և հիշեցնում, որ անհայտ ծագման խմիչքների շրջանառությունն արգելվում է։

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ի` ժամը 12:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 38 դեպք:Դեպքերից 25-ն արձանագրվել է Արմավիրի մարզում, 12-ը` Երևանում, 1-ը` Կոտայքի մարզում: Գրանցվել է մահվան 14 դեպք:

Արմավիրում ալկոհոլից զանգվածային թունավորման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279­րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով: Ըստ նախնական վարկածի՝ Արմավիրում անձինք թունավորվել են մեթիլ սպիրտից: Այս պահի դրությամբ բռնագրավվել է չիրացված ոգելից խմիչքի խմբաքանակ, քայլեր են արվում նաև քաղաքացիների կողմից ձեռք բերված խմբաքանակները հայտնաբերելու և բռնագրավելու ուղղությամբ: Ինքնաթոր օղի արտադրող Աշոտ Հովսեփյանը ձերբակալվել է։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում