Տնտեսություն

Ղազախստանից նավթամթերքների առաքումը Հայաստան ազատվում է մաքսատուրքից

2 րոպեի ընթերցում

Ղազախստանից նավթամթերքների առաքումը Հայաստան ազատվում է մաքսատուրքից

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև Հայաստան նավթամթերքի մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ըստ նախագծի հիմնավորման, այս համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել Հայաստանի և Ղազախստանի միջև նավթամթերքների առաքման ոլորտում համագործակցության կարգավորման վերաբերյալ կողմերի հետաքրքրվածությամբ:

Սույն Համաձայնագրով Ղազախստանից նավթամթերքների առաքումը Հայաստան ազատվում է մաքսատուրքի գանձումից:

Համաձայնագրով կողմերի իրավասու մարմինները.

մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը կազմում են հաջորդ տարվա Հայաստանում Ապրանքների ներքին սպառման արտադրության, ներմուծման և արտահանման հաշվեկշիռը ՀՀ տարածքում, այդ թվում՝ Ղազախստանից և Ռուսաստանից ապրանքների առաքման ծավալները,

միջգերատեսչական արձանագրության կնքմամբ հաստատում են Ղազախստանից Հայաստան առաքվող ապրանքների ցանկը:

Սույն Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել երկարատև առևտրատնտեսական հարաբերություններ:

Սույն Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը, առևտրատնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում