Ադրբեջանցիների հակահայկական ցույցն արտոնված չի եղել Ռիգայի իշխանությունների կողմից
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանցիների հակահայկական ցույցն արտոնված չի եղել Ռիգայի իշխանությունների կողմից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/08/1026245.jpg)
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում Ադրբեջանի դեսպանության առջև ադրբեջանցիների կողմից իրականացված հակահայկական ցույցը արտոնված չի եղել քաղաքի իշխանությունների կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռիգայի Հայ առաքելական եկեղեցու «Ֆեյսբուք»-ի էջը:
«Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին քաղաքապետարան է ուղարկել տեղեկատվություն ստանալու հարցումն առ այն, թե արդյոք հուլիսի 17-ին Լատվիայում բնակվող ադրբեջանցիների կողմից Լատվիայում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության առջև կազմակերպված բողոքի գործողությունը և երթը արտոնվա՞ծ է եղել Ռիգայի քաղաքային խորհրդի կողմից։ Ի պատասխան հարցման` տեղական ինքնակառավարման մարմինը հայտնել է, որ 2020թ. հուլիսի 17-ին Լատվիայում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության առջև հանդիպում, բողոքի գործողություն կամ երթ անելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացվել»,- նշված է գրառման մեջ:
Հուլիսի 12-21-ը հայ-ադրբեջանական սահմանին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին զուգահեռ աշխարհի տարբեր քաղաքներում հակահայկական ցույցեր և հայ համայնքի նկատմամբ սադրիչ գործողություններ էին կազմակերպնում և իրականացնում ադրբեջանական համայնքները: