Հայ սպայի նկատմամբ Ադրբեջանի պահվածքին պետք է գնահատական տան միջազգային կառույցները․ իրավապաշտպան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն Ադրբեջանում գերի ընկած ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ պարտադրված տեսաուղերձ նկարահանելու դեպքի առթիվ հորդորում է ահազանգել հումանիտար իրավունքի պահպանման հարցերով զբաղվող կառույցներին:

«Տեսաուղերձից պարզ է դառնում, որ մեր սպան ընթերցում է այդ տեքստը, կաշկանդված է և իրեն թելադրված տեքստի մատուցման խնդիր կա: Ըստ էության՝ հարկադրանքի, բռնության, սպառնալիքների ներքո անձին դրդել են որոշակի գործողությունների կատարման: Իհարկե, ադրբեջանական տարբերակն այն է, որ տեղի է ունեցել դիվերսիա, ինչը չի համապատասխանում իրականությանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Սահակյանը:

Նա հայտնեց, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված հայ սպասի մասնակցությամբ տեսաուղերձից տպավորություն է ստացել, որ անձի շուրջ արհեստականորեն ստեղծվում է հետաքրքրասիրություն, ինչն անթույլատրելի է:

«Այս ամենն էլ տեղի է ունենում ահաբեկման և սպառնալիքների ներքո, ինչը նշանակում է, որ ռազմագերու կյանքն ու առողջությունը սպառնալիքի տակ են: Այս կանոնները խախտելը հակասում է Ժնևյան կոնվենցիաներին և հետևողականության դեպքում հնարավոր է առաջ բերել Ադրբեջանի հրամանատարական կազմի քրեական պատասխանատվության խնդիրներ»,- ասաց իրավապաշտպանը:

Սահակյանի կարծիքով՝ դեպքի առթիվ պետք է ահազանգել հումանիտար իրավունքի պահպանման հարցերով զբաղվող կառույցներին:

«Կան նաև ընկերություններ, որոնք խաղաղասիրական ծրագրեր են իրականացնում, այդ թվում՝ ԵԱՀԿ-ն, ուստի վերջինների ուշադրությունը պետք է հրավիրվի նշված հանգամանքի վրա: Հումանիտար իրավունքի խախտումները կապված են մարդու իրավունքների հետ: Կարծում եմ, որ մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող կառույցները պետք է արձագանքեն նման դեպքերին, առնվազն քաղաքական հայտարարությունների միջոցով»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Հայ սպա Գուրգեն Ալավերդյանն Ադրբեջանի տարածքում հայտնվել է օգոստոսի 24-ին: ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ նախնական տվյալներով նա մոլորվել է: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օգոստոսի 26-ին հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Զրույցի ընթացքում Տոնոյանը դեսպան Կասպրշիկի ուշադրությունը հրավիրել է ինչպես օգոստոսի 26-ին ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսաուղերձին, այնպես էլ հրապարակված նախորդ տեսանյութին՝ ընդգծելով, որ վերոնշյալ տեսագրությունները միջազգայնորեն ամրագրված իրավունքների, այդ թվում նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն English Русский

COP17-ի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Նորվեգիայի շրջակա միջավայրի նախարարները

ՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում մասնակցել է Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի գագաթնաժողովին

Նորվեգիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նոբելյան հանձնաժողովի հասցեին Թրամփի քննադատությանը

Հրապարակվել է 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

Ըմբիշ Կարեն Ասլանյանն ԱԱ-ի եզրափակչում է

Ընտանեկան բռնության դեպքերով վարույթի շարունակությունը պետք է կախված չլինի տուժողի բողոքից կամ դատախազի հայեցողությունից․ Արփինե Սարգսյան

Արդյունավետ մենեջմենթը ենթադրում է առաջնահերթությունների սահմանում, մինչդեռ պարեկների ծանրաբեռնվածությունը սահմանափակում է այդ հնարավորությունը․ ՆԳ նախարար

Տարիներ շարունակ 25 հազար դրամով տրամադրված անձնագրերը չեն ապահովել կենսաչափական համակարգի լիարժեք հնարավորությունները․ ՆԳ նախարար

Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնաս