Սանամյանն Ազգային հերոսի կոչմանն արժանանալուց հետո պարտավորված է զգում շարունակելու կիսատ թողածը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված ուժերի կապիտան Ռուբեն Սանամյանը Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչմանն արժանանալուց հետո իրեն պարտավորված է զգում շարունակելու այն գործը, որը կիսատ է թողել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սանամյանը հայտնել է Պաշտպանության նախարարության լրատվական ծառայության հետ զրույցում:

«Դրդում է լինել ավելի մարտունակ քո զորքի, քո ջոկատի, խմբի տղաների ու քո ժողովրդի հետ միասին: Դրդում է պարտավորված մեծ ոգով ու պատվով շարունակել այն, ինչը կիսատ ես թողել»,- նշել է Սանամյանը:

Կապիտանի խոսքով՝ ռազմական գործողություններին մասնակցելիս իր մտքով չի անցել, թե հետագայում ինչ պարգևի կարժանանա:

«Չի անցել իմ մտքով նման բան, որովհետև, եթե ես որևէ բան պետք է անեմ, ես դա անում եմ պատվով, ի սրտե ու հետո չեմ մտածում՝ ինձ հետագայում մեդալ կնվիրե՞ն կամ ի՞նչ պարգևի կարժանանամ»,- ասել է Ազգային հերոսը:

Սանամյանի խոսքով՝ իրեն իր սխրագործությունների դրդել է իր հայրենասիրությունը, իր զորքի նվիրված լինելը:

«Հակառակորդի ողնաշարը ջարդելու ցանկությունն իմ մեջ դեռ վերացած չէ, չի էլ վերանա»,- նշել է կապիտան Ռուբեն Սանամյանը:

ՀՀ նախագահի օգոստոսի 18-ի հրամանագրով կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը:

Կապիտան Ռ.Սանամյանը, որպես սպա և հրամանատար, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերել է բացառիկ արիություն, անձնուրացություն և խիզախություն։ Կապիտան Սանամյանը հմտորեն ղեկավարել է հատուկ հետախուզական միջոցառումներ իրականացնող խմբի անձնակազմը՝ անձնական օրինակով քաջալերելով զինծառայողներին, առաջադրելով անհատական խնդիրներ, կազմակերպելով «ԱՆՎԱԽ» մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի բազմակի գրոհների կասեցումը, նրա կենդանի ուժին, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային հասցնելով զգալի կորուստներ:

Չխնայելով սեփական կյանքը, Սանամյանը խմբի մարտիկների հետ միասին դիրքի մատույցներում իրականացրել է բարդ ու վտանգավոր ինժեներական աշխատանքներ, հետախուզմամբ հայթայթել արժեքավոր փաստաթղթեր, զենք, զինամթերք, մի շարք տեխնիկական միջոցներ և այլ տվյալներ: Որպես հրամանատար՝ կապիտան Սանամյանը ճշգրիտ է վերլուծել հակառակորդի գործողությունները, գնահատել իրադրությունը, նախորոշել հնարավոր զարգացումները և դիրքի անձնակազմի հետ համատեղ ջանքերով անառիկ պահել «Անվախ» մարտական դիրքը:

Ռուբեն Ռազմիկի Սանամյանը ծնվել է 1976թ. սեպտեմբերի 22-ին, Տավուշի մարզի ք. Դիլիջանում: 1995-1997թթ. անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ՊԲ առաջնագծի զորամասերից մեկում: 2006թ. անցել է պայմանագրային զինվորական ծառայության: Ամուսնացած է. ունի երկու երեխա: 2012 թ-ին Ռ․ Սանամյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, ետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ: Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

Հայերեն Русский

ՀՀ ԿԳՄՍ նախարար Անդրեասյանը հրաշալի տոնակատարություն է համարում Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը

Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեն բավականին մեծ աշխատանք է կատարել. Արայիկ Հարությունյան

«Ամբերդ» կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց ավտոճանապարհները փակ են, Լարսը բաց է

Միասնության և համերաշխության տոն՝ սպորտի միջոցով. Ջերմուկում կայացավ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման արարողությունը

Մահացել է Պեքայի շրջանի հոգևոր հովիվ և Աթոռի միաբան Անանիա ծայրագույն վարդապետ Անանիա Գուճանեանը

Փետրվարի 3-ի միջոցառումների անոնս

Հենրիխ Մխիթարյանը գերխելացի խաղացող է. Սիմոնե Ինձագիի հարցազրույցն՝ «Արմենպրես»-ին

Արաբական հինգ երկրի արտգործնախարարներ հայտնել են Պաղեստինի վերաբերյալ համաժողովին մասնակցության մասին

Չինաստանը շուտով Հայաստանում նոր դեսպան կունենա. Չեն Մին

Հենրիխ Մխիթարյանը չի բացառում կարիերայի ավարտին հայկական թիմում խաղալու հեռանկարը. «Արմենպրես»-ի բացառիկ հարցազրույցը