ՀԲԸՄ-ի կոչով հանուն լիբանանահայերի հանգանակվել է ավելի քան երկու միլիոն դոլար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բարեգործական ընդհանուր միությունն ավելի քանի երկու միլիոն դոլար է հանգանակել հատուկ հիմնադրամի միջոցով լիբանանահայերին հասցվելիք աջակցություն տրամադրելու համար։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԲԸՄ մամուլի գրասենյակից։

«Գրեթե մեկ շաբաթ առաջ Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունից անմիջապես հետո ՀԲԸՄ կենտրոնական վարչությունը աշխարհի բոլոր ծագերում անհապաղ հանգանակության կոչեր տարածեց՝ արագացնելու օգնության հատուկ հիմնադրամի միջոցով լիբանանահայերին հասցվելիք աջակցությունը: Ողջ աշխարհից բարերարների և նվիրատուների կողմից անմիջապես ուղարկված առատաձեռն աջակցության շնորհիվ միայն հանգստյան օրերին հանգանակվեց ավելի քան մեկ միլիոն դոլար: Առաջին միլիոնը կրկնապատկվեց ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վաչե և Թամար Մանուկյանների կողմից, ովքեր ստանձնեցին հավելյալ հանձնառություն՝ կրկնապատկելու առաջիկա շաբաթների ընթացքում այս հրատապ ջանքերի շնորհիվ գոյացած բոլոր միջոցները:

Առաջին խոշոր՝ 100,000 ԱՄՆ դոլար և ավելի նվիրատվություն կատարողներն էին՝ Էլի և Էլզբիեթա Աքլյանները (ԱՄՆ), Երվանդ Դեմիրճյանը (ԱՄՆ), Հայկ և Էլզա Թիթիզյանները (ՄԹ), Նիկոլ Քուլաջյանը (ԱՄՆ), Լևոն և Կլաուդիա Նազարյանները (ԱՄՆ), Ջոզեֆ և Ջեննի Ուղուրլյանները (ՄԹ), Պերճ և Վերա Սեդրակյանները (ԱՄՆ), Սեմ և Սիլվա Սիմոնյանները (ԱՄՆ), Սինան և Անժել Սինանյանները (ԱՄՆ) և մեկ անանուն նվիրատու (ԱՄՆ):

ՀԲԸՄ-ն երախտագիտություն է հայտնում բոլոր բարերարներին, ինչպես նաև մեր հրաշալի նվիրատուներին, այդ թվում՝ աշխարհի տարբեր անկյուններում ապրող երիտասարդ պրոֆեսիոնալներին ու համախոհներին:

«Մենք հիացած ենք մեկ շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում գնալով ավելացող տպավորիչ նվիրատվություններով», - նշեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը: «Մեր համատեղ ուժերով է, որ կարող ենք արձագանքել առկա կարիքներին՝ ՀԲԸՄ Աղետների արձագանքման ստորաբաժանման կողմից տեղերում աննախադեպ կամավորական գործունեության շնորհիվ»:

ՀԲԸՄ-ն դիմում է աշխարհասփյուռ հայությանը՝ կոչ անելով անհետաձգելի ու առատաձեռն նվիրատվությունների միջոցով փրկօղակ նետել Լիբանանի իրենց հայրենակիցներին, որը կօգնի առավելագույնս օգտվել նվիրատվությունները կրկնապատկելու այս հնարավորությունից:

Նկատի առնելով փոստով նվիրատվություններ կատարելու հետ կապված ներկայիս բարդությունները՝ խնդրում ենք նվիրատվությունները կատարել առցանց կամ հեռախոսով: Նյու Յորքի Citibank-ում ստեղծված օգնության հիմնադրամի և վերջինիս նպատակների մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.agbugiving.org/lebanon կայքէջից կամ զանգահարելով 212-319-6383 հեռախոսահամարով (երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ Նյու Յորքի ժամանակով առավոտյան 9-ից մինչև երեկոյան 5-ը): Էլեկտրոնային փոխանցումների համար գրե՛ք հետևյալ էլ. հասցեով. giving@agbu.org:

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: Հիմնված լինելով 1906 թվականին՝ ՀԲԸՄ-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի ազդեցություն ունենալով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն العربية English Русский

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՊԵԿ-ը ներկայացրել է հուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ԱԺ հանձնաժողովների նախագահներ ընտրելու հարցի քննարկումներն ավարտվել են, հայտնի են քվեարկության օրն ու ժամը

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետ

Իսրայելի զինվորականները քրեական հետաքննություն են սկսել Գազայում երկու աղմկահարույց սպանությունների գործով

Գյումրիի տներից մեկում գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է եղել. 1 անձ հոսպիտալացվել է

Նիկոլ Փաշինյանը ներգաղթի գործընթացներ է նկատում՝ համոզված լինելով, որ դա կլինի ինստիտուցիոնալ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 19-08-26

Ասիական ինդեքսներ - 19/08/26