Սփյուռք

Մեկնարկեց «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական առցանց ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկեց «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական առցանց ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական առցանց ծրագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս տարի առաջին անգամ ծրագիրն անցկացվելու է առցանց:

«Մենք ամեն տարի ունեցել ենք հրաշալի ծրագիր, երբ հարյուրավոր երիտասարդների բերել ենք Հայաստան և ունեցել հրաշալի օրեր: Այս տարի որոշեցինք հայրենիքը բերել ձեր տուն, քանի որ չցանկացանք համավարակի պատճառով չեղարկել ծրագիրը: Հույս ունեմ, որ հաջորդ տարի մենք բոլորս կկարողանանք ֆիզիկապես լինել հայրենիքում»,- ծրագրի մասնակիցներին ողջունելով ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը:

Նա աշխարհի տարբեր երկրներում ապրող մասնակիցներին հայտնեց, որ սիրով սպասում են նրանց Հայաստանում:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2020 թվականի օգոստոսի 3-28 սփյուռքի 12-18 տարեկան պատանիների և երիտասարդների համար 2 փուլով կիրականացնի «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական երկշաբաթյա առցանց ծրագիրը։ Ծրագիրը ներառում է Հայոց լեզվի դասընթացներ, պատմաճանաչողության դասընթացներ, վիրտուալ այցեր համայնքներ (Հայաստանում և Սփյուռքում), ինտերակտիվ քննարկումներ, բանավեճի ակումբ, առցանց կրթական խաղեր, հանդիպումներ պետական և հանրային գործիչների, մշակույթի, արվեստի ներկայացուցիչների հետ, հանդիպումներ նախորդ տարվա մասնակիցների հետ, աշխատարաններ, համայնքային նախագծեր:

Մասնակցելով ծրագրին՝ սփյուռքահայ պատանիներին և երիտասարդներին հնարավորություն կտրվի Հայաստանի պատմությանն ու մշակույթին ծանոթանալու, մայրենի լեզուն սովորելու և հայաստանցի երիտասարդների հետ շփման միջոցով՝ ճանաչելու իրենց հայրենիքը:

«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական առցանց ծրագրին կմասնակցեն մինչև 250 սփյուռքահայ երիտասարդներ՝ աշխարհի 30 երկրից:

Ծրագիրն իրականացվում է «Դասավանդի՛ր, Հայաստան» (Teach for Armenia) կրթական հիմնադրամի հետ համատեղ: Ծրագրի գործընկերն է ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում