Սփյուռք

Հալեպում պատարագ է մատուցվել ի հիշատակ հայ-ադրբեջանական սահմանագոտում զոհվածների

2 րոպեի ընթերցում

Հալեպում պատարագ է մատուցվել ի հիշատակ հայ-ադրբեջանական սահմանագոտում զոհվածների

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հալեպում Հայաստանի հումանիտար առաքելություն իրականացնող խմբի անդամները մասնակցել են հայ-ադրբեջանական սահմանագոտում զոհվածների հոգիների խաղաղության համար մատուցված պատարագին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից։

«Կիրակի օրը` հուլիսի 19-ին, Հալեպի Ս. Աստվածածին եկեղեցում Հիսուս Քրիստոսի Այլակերպության տաղավար տոնի առիթով եպիսկոպոսական Պատարագին Բերյո Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մասիս Սրբ. Եպս. Զօպուեանը հատուկ կերպով հոգեհանգստյան պաշտոն է մատուցել ՀՀ հյուսիսարևելյան սահմանին` հայ-ադրբեջանական սահմանագոտում վերջին օրերի մարտական գործողությունների ժամանակ նահատակված` ՀՀ ԶՈւ մայոր Գարուշ Համբարձումյանի, ՀՀ ԶՈւ կապիտան Սոս Էլբակյանի, ՀՀ զինված ուժերի կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանի և Գրիշա Մաթևոսյանի հոգիների խաղաղության համար:

Հոգեհանգստյան արարողությանը ներկա են եղել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը, մարդասիրական խմբի բոլոր անդամները, այլ պաշտոնատար անձինք:

Աղոթք է մատուցվել նահատակ զինվորների հոգիների խաղաղության համար` մաղթելով, որ ապահովությունը և խաղաղությունը վերահաստատվի Հայաստանի ու Արցախի սահմաններին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում