Տնտեսություն

Նպատակը նույնն է՝ ունենալ մրցունակ տնտեսություն, բայց մոտեցումները պետք է փոխվեն. նախարար

2 րոպեի ընթերցում

Նպատակը նույնն է՝ ունենալ մրցունակ տնտեսություն, բայց մոտեցումները պետք է փոխվեն. նախարար

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատյանը տնտեսության տարբեր ճյուղերի համար նախատեսված ռազմավարական միջոցառումների փաթեթի վերանայման կարիք է տեսնում, քանի որ կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված փոխվում է աշխարհը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խաչատրյանը նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը՝պատասխանելով պատգամավոր Եղիշե Սողոմոնյանի հարցին, թե ի՞նչ քայլեր են իրականացվում արտահանումը խրախուսելու համար:

Նախարարը հիշեցրեց, որ տարվա ընթացքում աշխատել են 5 փաստաթղթի մշակման ուղղությամբ, որոնցից 3-ը՝ Արդյունաբերության զարգացման ռազմավարությունը, Փոքր ու միջին բիզնեսի ռազմավարությունը և Զբոսաշրջության զարգացման ռազմավարությունը, արտահանման բաղադրիչներ ունեն: «Երեքում տարբեր լուծումներ են տրված, քանի որ յուրաքանչյուրում խնդիրները տարբեր են: Օրինակ՝ խոշոր բիզնեսում տեխնոլոգիական վերազինումն է համարվում ամենակարևոր բացը, որ առկա է Հայաստանում: Այդ փաստաթուղթը կառավարությունն այս տարվա ընթացքում կհաստատի: Փոքր ու միջին բիզնեսի դեպքում արտահանման ենթակառուցվածքների թույլ լինելն է ամենաէական խնդիրը և այլն»,-ասաց Խաչատրյանը:

Միջոցառումների մի մեծ փաթեթ կա, որով նախատեսվում է, թե ինչ պետք է արվի: Նախարարը նկատեց, որ դրանց մի մասը, սակայն, վերանայման կարիք կունենա, քանի որ աշխարհը փոխվում է, պետք է փոխվեն նաև մեր մոտեցումներն այդ ճանապարհն անցնելու առնչությամբ: «Նպատակները նույնն են՝ ունենալ մրցունակ տնտեսություն, մրցունակ ծառայություններ, բայց եղանակները պետք է փոխվեն, որովհետև խնդիրներն են փոխվել»,-նշեց նա:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում