Մշակույթ

Մուլտֆիլմ՝ նվիրված երեխաների տոնին. Թումանյանի թանգարանն անակնկալ է մատուցել փոքրիկներին

2 րոպեի ընթերցում

Մուլտֆիլմ՝ նվիրված երեխաների տոնին. Թումանյանի թանգարանն անակնկալ է մատուցել փոքրիկներին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի թանգարանը յուրահատուկ նվեր է պատրաստել Երեխաների պաշտպանության միջազգային տոնի կապակցությամբ:

Թանգարանը հունիսի 1-ին «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակել է Հովհաննես Թումանյանի մանական բանաստեղծությունների հիման վրա ստեղծված

2D անիմացիոն ֆիլմերի առաջին օրինակը՝ «Ուլունքը»:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թանգարանի փոխտնօրեն Աշոտ Հարությունյանն ասաց, որ ևս 15 հրաշալի անիմացիոն ֆիլմ են ներկայացնելու, որոնք ազատ դիտման համար տեղադրվելու են թանգարանի առցանց բոլոր հարթակներում: «Դրանք կրթական մեծ ներուժ ունեն: Երեխաներին հնարավորություն է տրվում գրքից զատ դեռ շատ վաղ տարիքից վայելել գունազարդ մուլտֆիլմերը»,-նշեց Հարությունյանն ու հավելեց, որ մուլտի պատվիրատուն թանգարանն է, այն կյանքի է կոչել «Interactive world» կազմակերպությունը:

Անդրադառնալով օրվա ընթացքում սպասվող առցանց մյուս տոնական միջոցառումներին՝ Հարությունյանը տեղեկացրեց, որ «Ռոտոնդա» մանկապատանեկան-ներառական թատերախմբի երեխաները ֆիլմ են պատրաստել՝ հիմնված «Հայր Բոնամի» ֆրանսիական ժողովրդական հեքիաթի վրա: «Կարծում եմ՝ հետաքրքիր ֆիլմ է լինելու, որը մենք անգամ դեռ չենք տեսել, երեխաներն ամեն ինչ ինքնուրույն են արել»,-նշեց նա:

Թանգարանի առցանց հարթակում նաև նախատեսվում է «Մութ ու լույս աշխարհից հանդիպում Լիլիթի հետ» հեքիաթասացության շարքի նոր հաղորդումը, որը կներկայացվի նոր տաղավարում: «Սա Լիլիթի համար կլինի տասներորդ հոբելյանական հաղորդումը: Այդ նախաձեռնության շրջանակում հյուրեր ենք ունենալու»,-ասաց փոխտնօրենը: Հարությունյանն ընդգծեց, որ ուսուցողական և ինտերակտիվ թումանյանական շարք են սկսելու:

Անժելա Համբարձումյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում