«Յուքոմ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
3 րոպեի ընթերցում
![«Յուքոմ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/04/1013952.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Յուքոմ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել Խաչատրյանի պաշտպանական խումբը։
«Ապրիլի 29-ին, Գուրգեն Խաչատրյանը ստացել է ծանուցագիր՝ քննչական մարմին ներկայանալու համար: Ծանուցագիրը ստանալիս և ապա փաստաբանի գրավոր դիմումի համաձայն՝ Գուրգեն Խաչատրյանը նշել է, որ կներկայանա մի քանի ժամից՝ հարգելի պատճառով։ Սակայն երեկոյան փաստացի դատարան է մուտքագրվել Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն, ինչի մասին փաստաբանական խումբը տեղեկացել է քննիչից»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ մեղադրանքի՝ Գուրգեն Խաչատրյանը աջակցել է կաշառք ստանալուն։
«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որում նշվում է, որ «երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի (այդ թվում հանդիպումների ժամանակ) պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը»։ «Ավելին, որպես պահանջի մաս ներկայացվել է մեր մյուս կարևոր գործունեության՝ հայկական ՏՏ ոլորտի առաջատար Iunetworks ընկերության օտարումը ևս։ Ապօրինությունների բաղկացուցիչ մասն է կազմել բոլոր գույքերի, այդ թվում նաև ընկերություններում բաժնեմասերի վրա դրված անօրինական կալանքը։ Սպառնալիքները հասել են ընդհուպ մինչև այն կետին, որ խոստացվել է անկառավարելի իրավիճակ ստեղծել ընկերություններում, որի արդյունքում, ըստ նրանց, ստիպված կլինենք համաձայնություն տալ վաճառելուն՝ այն էլ, առավելագույն ցածր գնով»,- ասված է հայտարարության մեջ։
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն արձագանքել է Խաչատրյանի հայտարարությանն այն մասին, թե «երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը»։
«Ինչ վերաբերվում է UCOM ընկերությանը, նրա բաժնեմասերի օտարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հնարավոր է միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ: Այն բանից հետո, երբ ընկերության բաժնետերերի մեջ վեճ է ծագել եւ օրակարգում հայտնվել է բաժնետերերի կազմի փոփոխության հարց, կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե: Այս դիրքորոշումը ուժի մեջ է նաեւ այսօր՝ ապօրինի ծագմամբ ցանկացած գույքի պարագայում»,- նշել է Գևորգյանը։
Կարեն Խաչատրյան