Գործել և գործում ենք իրավիճակի պահանջներին համապատասխան. Բակո Սահակյան
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երկրում հայտարարված արտակարգ իրավիճակի ընթացքում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացումն ամբողջությամբ արդարացված և հիմնավորված է համարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Սահակյանն ասել է ապրիլի 14-ին, լրագրողների հետ զրույցում։
«Ընտրությունների հետ կապված՝ մենք հաշվի ենք առել հնարավոր ռիսկերը և հավելյալ հնարավորություններ ենք ստեղծել, որպեսզի այս քաղաքական գործընթացի անցկացումը լրացուցիչ խնդիրներ չառաջացնի։ Ամբողջությամբ արդարացված և հիմնավորված եմ համարում պետության կողմից գործադրված քայլերը. մենք հակասություններ չենք տեսնում։ Ճիշտ հակառակը՝ գործել և գործում ենք իրավիճակի պահանջներին համապատասխան։ Մեր գործողությունները նպատակ են հետապնդում մեր հայրենիքի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու՝ ապահովելով մեր երկրի զարգացումը, անվտանգությունը և հասարակական հարաբերությունները»,- ասել է Սահակյանը։
Հանրապետության նախագահը հավելել է, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովն ունակ է ինչպես նախկինում, այնպես էլ ապագայում իր առջև դրած խնդիրներն իրականացնելու։
Արցախի Հանրապետությունում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Ապրիլի 14-ի, ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։
Մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով` Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում երկրորդ փուլ են դուրս եկել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը` 49,26% «կողմ» ձայնով, և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը` 26,4% «կողմ» ձայնով։
Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում:
Արցախի Հանրապետության ոստիկանության` 2020 թվականի ապրիլի 13-ի տվյալների համաձայն, Արցախի Հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 103.637, որոնցից 832 հոգի ընտրություններին կմասնակցի Երևան քաղաքում ձևավորված ընտրական տեղամասում, իսկ 1270-ն ընդգրկված է լրացուցիչ ցուցակներում:
Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը «Ֆեսյբուք»-ի իր էջում արցախցիներին կոչ է արել չմասնակցել ապրիլի 14-ին կայանալիք ընտրություններին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը։
Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին Միրիկ գյուղում, դեպքերի թիվը հասել է 6-ի: Միրիկ գյուղի բոլոր բնակիչներն ինքնամեկուսացվել են։ Մեկուսացված է 17 անձ։ Թեստավորված քաղաքացիների ընդհանուր թիվը 59 է։ Երկրում հայտարարված է արտակարգ իրավիճակ։
Նորայր Շողիկյան