Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կհամալրվի նոր երաժշտական գործիքներով
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարության «Grassroots» մշակութային դրամաշնորհային աջակցության ծրագրով Կամերային երաժշտության ազգային կենտրոնը այս տարվա ընթացքում ձեռք կբերի ճապոնական Yamaha ապրանքանիշի ռոյալ, տիմպանիներ, թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ և այլ գործիքներ, որոնց առկայությունը հնարավորություն կտա երաժշտասեր հանրության առջև ներկայանալ առավել մեծ ու բազմաոճ երկացանկով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`երաժշտական գործիքների տրամադրման նախագծի համար պայմանագրի կնքման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 26-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում: Պայմանագիրը ստորագրեցին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան և «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Նորայր Նազարյանը:
«Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում հատկապես երաժշտական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները գործիքների լրջագույն խնդիր ունեն, և դա վերաբերում է նաև երաժշտական դպրոցներին, ուսումնարաններին: Պետական տարբեր ծրագրերով մենք ամեն տարի փորձում ենք լրացնել այդ մեծ պակասը, բայց պակասորդի ծավալն ու համալրման տեմպերը համատեղելի չեն, ուստի չափազանց կարևոր է տարբեր կազմակերպությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների աջակցությունն այս հարցում»,-նշեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը:
Փոխնախարարը հորդորեց Նազարյանին տվյալ գործիքները ստանալուց հետո հայ-ճապոնական ստեղծագործական համերգով հանդես գալ:
Ջուն Յամադայի խոսքով`90 հազար 889 ԱՄՆ դոլարի չափով Ճապոնիայի դրամաշնորհային աջակցությունը կծառայի Կամերային երաժշտության ազգային կենտրոնի գործունեության զարգացմանը:
«Վերջին տասնամյակների ընթացքում Ճապոնիան Հայաստանում համագործակցել է տարբեր երաժշտական կառույցների հետ նոր գործիքներ տրամադրելու նպատակով, բայց առաջին անգամ է համագործակցում Կամերային երաժշտության ազգային կենտրոնի հետ: Բազմիցս վայելել եմ կենտրոնի գերազանց համերգները և գնահատում եմ իրական գեղարվեստականությունն ու անսահման երաժշտականությունը»,-շեշտեց դեսպանը:
Նորայր Նազարյանն էլ ասաց, որ կենտրոնի ռոյալները ոչ սարքին վիճակում են, և բարձրակարգ երաժիշտների հետ խնդիրներ են ունենում, քանի որ նրանք հրաժարվում են նվագել դրանց վրա: «Մենք խնդրեցինք պարոն դեսպանին իրականություն դարձնել նոր ռոյալ ունենալու մեր մեծ երազանքը: Կենտրոնը երբեք չի ունեցել հարվածային գործիքներ, ինչը նվագախմբերին հնարավորություն կտար ընտրել երկացանկ առանց մտահոգվելու անհրաժեշտ գործիքների մասին»,-նշեց Նազարյանն ու ասաց, որ այժմ կձերբազատվեն այդ մտահոգություններից: