Զորակցություն Սիրիայի բանակին. Հալեպի բնակչությունը կհավաքվի քաղաքի կենտրոնական հրապարակում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Հալեպ քաղաքի բնակիչները պատրաստվում են փետրվարի 18-ին՝ կեսօրին, հավաքվել կենտրոնական հրապարակում և իրենց զորակցությունն ու շնորհակալությունը հայտնել սիրիական բանակին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը:

«Թեպետ Հալեպն ընդհանուր առմամբ ազատագրված էր, սակայն կային շրջաններ, որոնք ռմբակոծվում էին ահաբեկչական խմբավորումների կողմից: Ահա դրանով պայմանավորված, անվտանգությունից ելնելով՝ Հալեպի օդանավակայանը չէր գործարկվում: Այսօր արդեն ուրախությամբ նշենք, որ այդ շրջանները ևս ազատագրված են: Հալեպը կարելի է հայտարարել ապահով քաղաք: Ժողովուրդը ցնծություն է ապրում, և այսօր կեսօրին Հալեպի բնակիչները հավաքվելու են կենտրոնական հրապարակում իրենց զորակցությունն ու շնորհակալությունը հայտնելու Սիրիայի բանակին»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:

Նա ընդգծեց, որ բավական մեծ ջանքերի ու հետևողական պայքարի, նվիրումի շնորհիվ քաղաքն ամբողջությամբ ազատագրվեց ահաբեկչական խմբավորումներից, ապահովությունը վերադարձվեց Հալեպին: Նա նաև նշեց, որ հասարակության շրջանում մեծ ոգևորությամբ ընդունվեց օդանավակայանի բացումը: Այն Հալեպի կյանքում հսկայական նշանակություն ունի:

Սիրիայում լույս տեսնող «Գանձասար» պարբերականը տեղեկացնում է, որ նախագահ Բաշար Ալ-Ասադն իր երախտիքի խոսքն է ուղղել հալեպցիներին՝ ընդգծելով, որ նրանք հաղթանակած ժողովուրդ են: Նախագահ Ասադն ավելացրել է, որ չնայած բազմաթիվ դժվարություններին՝ Հալեպն ու հալեպցին չընկճվեցին:

«Հալեպը պահպանեց պատմական իր ինքնատիպ դիմագիծը: Հալեպցին, պաշարված լինելով, չընկճվեց: Նա համառ կերպով աշխատեց ու իր ապրուստն ապահովեց: Քաղաքը, հակառակ իր աղետալի վիճակին, մնաց բանուկ՝ իր համեստ կարողություններով ներդրում ունենալով երկրի տնտեսության մեջ: Ես վստահ եմ, որ այսպիսի պայքարն ու դիմադրողականությունը բխում է հայրենասիրությունից: Հալեպը պատերազմի մոխիրներից պիտի դուրս գա, վեր կանգնի և իր առաջնորդությունը ստանձնի Սիրիայի տնտեսության մեջ»,-նշել է Սիրիայի նախագահը:

Սիրիական բանակի հրամանատարությունը փետրվարի 17-ին հանդես եկավ հաղորդագրությամբ՝ պաշտոնապես հայտարարելով Հալեպի արևմտյան եւ հյուսիսարևմտյան գյուղերի ազատագրման մասին: Հրամանատարությունը տեղեկացրել էր, որ սիրիական բանակը բուռն մարտեր է մղել ահաբեկչական խմբավորումների դեմ: Հալեպը հայտարարվեց որպես ապահով տարածք:

Հայերեն العربية English Русский

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՊԵԿ-ը ներկայացրել է հուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ԱԺ հանձնաժողովների նախագահներ ընտրելու հարցի քննարկումներն ավարտվել են, հայտնի են քվեարկության օրն ու ժամը

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետ

Իսրայելի զինվորականները քրեական հետաքննություն են սկսել Գազայում երկու աղմկահարույց սպանությունների գործով

Գյումրիի տներից մեկում գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է եղել. 1 անձ հոսպիտալացվել է

Նիկոլ Փաշինյանը ներգաղթի գործընթացներ է նկատում՝ համոզված լինելով, որ դա կլինի ինստիտուցիոնալ