Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավորին

5 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում փետրվարի 11-ին հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի էջից, ողջունելով Հորդանանի թագավորի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ այս այցելությունն առավել կզորացնի երկու երկրների միջև հարաբերությունները՝ մեծապես նպաստելով հետագա սերտ գործակցությանը:

«Վեհափառ Հայրապետն ուրախությամբ հաստատեց հայ համայնքի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքության նկատմամբ Հորդանանի իշխանությունների կողմից ցուցաբերած հոգատար վերաբերմունքը որպես ձևավորված բարեկամական հարաբերությունների լավագույն դրսևորում: Այս առումով Նորին Սրբությունն ընդգծեց նաև, որ այդ վերաբերմունքի և հայ ժողովրդի նկատմամբ հարգանքի արտահայտության նշան է համարում նաև 2000 թվականին Երուսաղեմ դեպի տերունակոխ սրբավայրեր կատարած իր ուխտագնացության ժամանակ Հորդանան այցի ընթացքում իրեն՝ Հորդանանի բարձրագույն շքանշանի շնորհումը:

Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետը գոհունակությամբ արձանագրեց, որ ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի զավակները կարողացել են վերգտնել իրենց բնականոն կյանքը Հորդանանում՝ գալիքի հանդեպ հույսով ու լավատեսությամբ իրենց օգտաշատ ներդրումը բերելով երկրի առաջընթացին:

Անդրադառնալով պատմական հանգամանքների բերումով ձևավորված հայկական մեծ սփյուռքի և զանազան մշակույթների ու կրոնների կողքին ապրելու իրողությանը՝ Նորին Սրբությունը մեծապես կարևորեց նաև սերտ համագործակցությունը տարբեր երկրների հոգևոր առաջնորդների միջև՝ կրոնական զգացումների չարաշահումներից, այդ հիմքով հակամարտություններից և անհանդուրժողականության դրսևորումներից հասարակությունները զերծ պահելու համար: Այս տեսանկյունից Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատեց, որ Հայաստանի և Հորդանանի միջև հարաբերությունները և Հորդանանի հայ համայնքի կյանքը կարող են եղբայրության և խաղաղ համակեցության լավագույն օրինակը լինել շատ ազգերի համար՝ քրիստոնեություն-իսլամ և այլ միջկրոնական հարաբերությունների կառուցման գործում:

Իր հերթին Նորին Վսեմություն թագավոր Աբդալլահ Երկրորդն ուրախություն հայտնեց հանդիպման առիթով՝ խոսելով մասնավորաբար քրիստոնյա ու իսլամ ժողովուրդների փոխհարաբերությունների և այդ առնչությամբ իր նախնիների դավանած համոզումների մասին։

Անդրադառնալով հայ համայնքի կարևոր դերակատարությանը Հորդանանում և Մերձավոր Արևելքի երկրներում՝ թագավոր Աբդալլահ Երկրորդը հույս հայտնեց, որ Հայաստանի հետ կապերի զարգացմամբ կզորանա նաև Հորդանանի հայ համայնքը։ Հորդանանի թագավորը վերահաստատեց նաև իր պատրաստակամությունը՝ շարունակելու զորակցությունը Հայոց Եկեղեցուն և Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը։

Նորին Վսեմությունը նշեց, որ Հայաստանն ու Հորդանանը համագործակցության շատ հնարավորություններ ունեն և այդ հարաբերությունների զարգացման առումով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունն իր հայացքն ուղղում է դեպի հաջորդ հարյուրամյակը:

Թագավոր Աբդալլահ Երկրորդը նաև մտահոգությամբ խոսեց Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, քրիստոնեական ներկայության նվազման խնդրի և մասնավորապես Սիրիայում հայկական համայնքի մասին՝ պատրաստակամություն հայտնելով ցուցաբերել անհրաժեշտ զորակցությունը հայկական քրիստոնեական ներկայության պահպանման ուղղությամբ։

Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ մաղթեց, որ Աստված օրհնի բոլոր խաղաղասիրական ջանքերը ի սեր խաղաղ և համերաշխ կյանքի։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հորդանանի թագավորին բարեմաղթեց արդյունավոր գահակալություն՝ ի փառս Հորդանանի Հաշիմյան թագավորության առաջընթացի և Հորդանանի ժողովրդի բարօրության»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն العربية English

Մունդիալ-2026. Արգենտինան երկրորդ անգամ անընդմեջ եզրափակիչում է

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի

Գերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով 1 դոլար անվանական արժեքով ոսկե մետաղադրամ կթողարկվի

Իրանը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի

ՌԴ-ն սպասում է «3+3» ձևաչափի հերթական հանդիպումների հերթականության համաձայնեցմանը Երևանի և Բաքվի միջև. Զախարովա

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբ

Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին