Տնտեսություն

Անասնապահները բացել են Վարդենիս-Երևան ավտոճանապարհը և սպասում են ԱԺ-ում Փաշինյանի ելույթին

2 րոպեի ընթերցում

Անասնապահները բացել են Վարդենիս-Երևան ավտոճանապարհը և սպասում են ԱԺ-ում Փաշինյանի ելույթին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Գեղարքունիքի մարզի անասնապահները հունվարի 22-ին փակել էին Վարդենիս-Երևան միջպետական ավտոճանապարհը՝ բողոքելով սպանդանոցներում մորթ իրականացնելու՝ Կառավարության որոշման դեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ճանապարհը փակողների հետ հանդիպման էր եկել Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը, որը տեղեկացրեց, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթ է ունենալու և անդրադառնալու է այդ հարցին:

Քաղաքապետը բանակցեց ցուցարարների հետ, ինչից հետո նրանք համաձայնեցին բացել ճանապարհը:

«Մենք լսեցինք մեր համայնքի ղեկավարին եւ ճանապարհը բացեցինք, բայց մի պայմանով՝ վարչապետի պատասխանը պետք է բխի մեր շահերից, հակառակ դեպքում վաղն առավոտյան կրկին կփակենք ճանապարհը»,- նշեց անասնապահներից մեկը:

Հունվարի 16-ից Կառավարության շենքի մոտ անասնապահները բողոքում էին, որ իրենց ստիպում են մորթն անել սպանդանոցում, սակայն պայմաններ չեն ապահովում: Նրանք նշում էին, որ այդ որոշումը ստիպում է իրենց վերջ տալ անասուն պահելուն, քանի որ Կառավարությունը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում սպանդանոցներում:

Հունվարի 21-ին բողոքի ակցիա իրականացնողները փակել էին Երևան-Արարատ ճանապարհը, որը սակայն այս պահին բաց է: Նրանց հետ հանդիպման էր գնացել մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով հորդորեց դադարեցնել ակցիան մինչև 18:00-ն, ինչից հետո կարող են հանդիպել մարզպետարանի դահլիճում և քննարկել իրավիճակը:

Անասնապահները փակել էին նաև Երևան-Արմավիր ճանապարհը և պահանջում էին հանդիպում իրենց մարզպետի հետ:

2020 թվականի հունվարի 15-ից ուժի մեջ է մտել Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը սպանդանոցում մորթելու մասին Կառավարության որոշումը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում