Տնտեսություն

«Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով 3-րդ բարձրավոլտ գծի կառուցման ավարտը նախատեսված է տարեվերջին

3 րոպեի ընթերցում

«Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով 3-րդ բարձրավոլտ գծի կառուցման ավարտը նախատեսված է տարեվերջին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Իրանի միջև «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի համար, որի շրջանակում Հայաստանը հարևան երկրին մատակարարում է էլեկտրաէներգիա` փոխարենը ստանալով կապույտ վառելիք, երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ավարտը նախատեսված է 2020-ի տարեվերջին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ ազգային ժողովին Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Ծրագիր կա, որը ենթադրում է երրորդ գծի կառուցումը, որովհետև խողովակատարը, ընդհանուր առմամբ, օգտագործվում է առավելագույնը 20 տոկոսով: Եթե այդ գործարքը երկու կողմին ձեռնտու է, ինչո՞ւ ավելի շատ գազ չենք ստանում, որ ավելի շատ էլեկտրաէներգիա տանք: Պատճառն այն է, որ երկու բարձրավոլտ էներգագծերի տարողությունը թույլ չի տալիս: Ահա թե ինչու՝ արդեն քանի տարի է տևում երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը, որը դանդաղեց պատժամիջոցների (Իրանի նկատմամբ-խմբ) պատճառով: Իրանական կողմը զգալի ներդրում պետք է ունենա, սակայն քանի որ իր մոտ խնդիրներ էին առաջացել, դա ձգձգվեց: Այնուամենայնիվ, նախատեսվում է, որ մինչև այդ տարվա վերջը դա կավարտվի, և ծավալները կընդլայնվեն»,-ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ հնարավոր կիրառվող պատժամիջոցներին` Քոչարյանը նշեց, որ Հայաստանը հարուստ փորձ ունի` համագործակցելու հարևանի հետ` պատժամիջոցների պայմաններում: Մինչև միջուկային համաձայնագրին հասնելը, Իրանի նկատմամբ կային պատժամիջոցներ` այդ թվում ՄԱԿ-ի կողմից սահմանված: Բայց Հայաստանն այդ պայմաններում աշխատել է: «Եվ ես կարող եմ ասել այն կարմիր գիծը, որին ԱՄՆ-ն հետևում է, որ որևէ երկիր չանցնի: Դա Իրանի հետ տարադրամով գործարք անելն է` որևէ գործարք, որից Իրանը տարադրամ կստանա: Այդ տեսակետից մեր «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքը փայլուն է, քանի որ այդտեղ տարադրամ չկա: Ահա թե ինչու այս փուլում առ այսօր կարողանում ենք դա պահել ճնշումներից դուրս»,-ասաց Քոչարյանն ու նշեց` իհարկե դա նաև համապատասխան աշխատանք է ենթադրում, ամերիկյան կողմի հետ այդ ուղղությամբ անընդհատ աշխատանքի մեջ են:

Հայաստանն ու Իրանը էներգետիկ ոլորտում համագործակցում են «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում, որով Հայաստանը հարևան երկրին մատակարարում է էլեկտրաէներգիա` փոխարենը ստանալով կապույտ վառելիք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում