Տնտեսություն

Տնտեսական բարեփոխումներն ավելի շոշափելի կլինեն. Էկոնոմիկայի նախարարն ամփոփել է անցնող տարին

2 րոպեի ընթերցում

Տնտեսական բարեփոխումներն ավելի շոշափելի կլինեն. Էկոնոմիկայի նախարարն ամփոփել է անցնող տարին

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը վստահեցնում է, որ 2020 թ. տնտեսական բարեփոխումները լինելու են ավելի շոշափելի, իսկ դրանց արդյունքները՝ ավելի նկատելի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարը նշել է ՀՀ կառավարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակված ամփոփիչ տեսահոլովակում:

«2020 թ. դիմավորում ենք այն վստահությամբ, որ բիզնեսն այսօր գործում է ազատ, անաչառ մրցակցության և հավասարության պայմաններում: Սա է ձեռներեցության զարգացման անշրջելի երաշխիքը նոր Հայաստանում, որտեղ գործարար ծրագրեր ունեցող յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունի անկաշկանդ իրագործել իր գաղափարը»,- նշել է նախարարը:

Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է նաև տարվա ընթացքում միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպությունների կողմից Հայաստանի տնտեսության վերաբերյալ իրենց գնահատականի բարելավմանը՝ նշելով, որ այդ լավատեսական ազդակը փոխանցվում է մասնավոր հատվածին:

«Դրա ապացույցն է տարին 7 տոկոսը գերազանցող տնտեսական աճը, որն առաջատարն է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների թվում: Այս տարի գրանցել ենք գործարար ծրագրերի կառավարության աջակցության ծավալի զգալի աճ, արդյունքում ստեղծվել են նոր կամ ընդլայնվել են արտադրություններ ամենատարբեր ուղղություններով»,- ընդգծել է Խաչատրյանը:

Նախարարը հավելել է, որ 2020 թ. ուշադրության կենտրոնում են պահելու նաև ինքնազբաղված տնտեսությունները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում