Տնտեսություն

Տարին փակում ենք բավականին լավ տրամադրությամբ. Վարչապետն ամփոփեց տնտեսական ցուցանիշները

2 րոպեի ընթերցում

Տարին փակում ենք բավականին լավ տրամադրությամբ. Վարչապետն ամփոփեց տնտեսական ցուցանիշները

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ տարեկան տնտեսական արդյունքներին և ընդգծեց, որ տարին փակում ենք բավականին լավ տրամադրությամբ: «Երեկ վիճակագրության կոմիտեն հրապարակել է նոյեմբերի և 11 ամիսների տնտեսական ցուցանիշները: Պետք է արձանագրել, որ նոյեմբերը տնտեսական հաջողությունների առումով ռեկորդային է: Նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10,1 տոկոս: Շատ կարևոր է, որ նոյեմբերի ցուցանիշներով արտահանման աճ ունենք 25,7 տոկոսով, առևտրի շրջանառությունն աճել է 11,9 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 11,6 տոկոսով, շինարարությունը՝ 4,8 տոկոսով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վարչապետը՝ ավելացնելով, որ այս տարվա 11 ամսվա տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7,5 տոկոս, արդյունաբերության աճը՝ 9,3 տոկոս, արտահանման աճը՝ 9 տոկոս:

«Սրանք իսկապես բավականին լավ ցուցանիշներ են: Ի վերջո, սրանք արձանագրում են, որ այն գաղափարախոսությունը, որ դրել ենք տնտեսական զարգացման հիմքում, ռեալ աշխատում է Հայաստանի Հանրապետությունում»,- նկատեց Վարչապետը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հավելեց, որ 11 ամսում ունենք կոնյակի արտահանման մոտ 27 տոկոս աճ: «Սա շատ կարևոր է, որովհետև ուղիղ ձևով ապահովում է գյուղատնտեսության զարգացումը: Կարծում ենք՝ այս ուղղությամբ զարգացումները շարունակվելու են առաջիկա տարիներին՝ հատկապես հաշվի առնելով, որ գինիների արտահանումը 11 ամսում աճել է 55 տոկոսով, իսկ մրգային գինիների արտահանումն աճել է 75 տոկոսով: Սա նոր զարգացում է մեր տնտեսության մեջ: Ունեցել ենք բուսական ծագման արտադրանքի արտահանման աճ 18,5 տոկոսով: Շատ մեծ աճ ունենք հատկապես վարունգի և ելակի արտահանման ուղղությամբ: Շոկոլադի արտադրանքի արտահանման աճը կազմել է շուրջ 15 տոկոս: Կարծում ենք, որ տարին կամփոփենք 7,5 տոկոս տնտեսական աճով, իսկ արտահանման աճը կլինի 10 տոկոս»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում