Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Փետրվար

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ստեղծելու է նոր ռազմավարություն

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ստեղծելու է նոր 
ռազմավարություն

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջատար տեխնոլոգիաների և ձեռնարկությունների միությունը կունենա նոր 2020-2025 թվականների ռազմավարություն՝ ներառելով տեխնոլոգիական ոլորտի կարևորագույն հարցերը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ 2017-2021 թվականների ռազմավարությունն ընդհատելու և դրա փոխարեն նորը ստեղծելու պատճառները մի քանիսն են:

«Ինչպես ասում են՝  երկրում իրավիճակ է փոխվել, նոր մոտեցումներ են, նոր քաղաքականություն, հետևաբար մեր ռազմավարությունը պետք է դրան համահունչ լինի: Ասեմ, որ մեր գործող ռազմավարության զգալի հատվածը կյանքի կոչվեց: Մասնավորապես, ստեղծվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ռազմարդյունաբերությունը միացել է այդ կառույցին: Դրանից բացի, լուրջ առաջընթաց ունենք կրթության ոլորտում: Այստեղ  լայնածավալ փոփոխություններ են կատարվել, դպրոցներում ստեղծվող «Արմատ» լաբորատորիաների թիվը հասնում է 585-ի, իսկ գործընթացը շարունակական բնույթ է ունենալու»,-ասաց Կարեն Վարդանյանը:

Աղվերանում դեկտեմբերի 21-22-ը կայանալու է «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը, որը նվիրված է լինելու հենց ԱՏՁՄ 2020-2025թթ․ ռազմավարության մշակմանը:  

Խոսելով ոլորտի խնդիրներից, անելիքներից՝ Հայ-ամերիկյան համալսարանի ներկայացուցիչ, ինժեներական գիտությունների ծրագրի ղեկավար Սաթենիկ Մնացականյանը նշեց, որ բոլոր բարձրացված հարցերը քննարկվելու են և տեղ են գտնելու ռազմավարությունում:

«Այն հիմնախնդիրները, որոնք փորձում ենք լուծել ռազմավարական այս բլոկում, դեռ շարունակում են արդիական մնալ: Կա 2 ուղություն, մեկը կապված է պետական ստանդարտների մշակման հետ: Գիտենք, որ պետության հարթակների թվայնացումը 21-րդ դարում առաջնային է, և ամեն կերպ փորձում ենք սատարել կառավարությանը: Այստեղ կա մի քանի խնդիր, մենք չունենք պետական ստանդարտներ: Դրա պատճառով ընդունում ենք այլ երկրների ստանդարտները, ինչը հաճախ չի համապատասխանում մեր պետական շահին: Այլ երկրներից լուծումներ ստանալը կարող է նաև ազգային անվտանգության խնդիր ունենալ, մասնավորապես բավարար վերահսկողության տեսանկյունից»,-ասաց Սաթենիկ Մնացականյանը:

Հաջորդ ուղղությունը գնումների համակարգի հետ է կապված: Սաթենիկ Խաչատրյանը նշեց, որ այստեղ բացեր կան տեղական արտադրողների շահերը բավարար չափով պաշտպանելու առնչությամբ:

VOLO ընկերության տնօրեն Արմեն Քոչարյանը, ով Առաջատար տեխնոլոգիաների և ձեռնարկությունների միությունում առաջնորդել է հայկական տեխնոլոգիական բրենդի ստեղծման և առաջխաղացման գործընթացը, նշեց, որ այս հատվածում զգալի աշխատանք կա կատարված:

«2014 թվականին, երբ նախաձեռնությունը առաջ քաշվեց, գոյություն չուներ միասնական խոսք: Աշխատանքը մեկնարկեց և ձևավորված «Զարմանահրաշ ինժեներական լուծումներ» խորագրով սկսեցինք զարգացնել գաղափարը, ներկայացնել աշխարհի ամենատարբեր հարթակներում: Կարող եմ ասել, որ ամբողջությամբ այս գաղափարն ընկալվել է բոլորի կողմից: Միջազգային հասարակությանը երկիրը ոչ թե պետք է պարզապես ներկայացնել, այլ անհրաժեշտ է այն հետաքրքիր դարձնել մասնագետների հոսք ապահովելու համար»,-ասաց Արմեն Քոչարյանը:  

Աղվերանում սպասվող հանդիպմանը քննարկման օրակարգում է լինելու ոլորտի զարգացման մյուս ճյուղերն առաջ տանելու հեռանկարները ևս:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ