Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քաղավիացիայում քննարկվում են նոր բյուջետային ավիաընկերություններ բերելու հնարավորությունները

Քաղավիացիայում քննարկվում են նոր բյուջետային ավիաընկերություններ բերելու 
հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քաղաքացիական ավիացիան քննարկումներ է անցկացնում առաջիկայում նոր բյուջետային ավիաընկերություններ շուկա բերելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Բնականաբար, քննարկումներ կան տարբեր ուղղություններով: Մենք չենք պատրաստվում սահմանափակվել «Wizz Air»-ով և «Ryanair»-ով: Մենք ուզում ենք մեր շուկայում ունենալ մեծ մրցակցություն: Իհարկե, նոր ավիաընկերություն շուկա բերելը ժամանակ է պահանջում, բայց մենք աշխատում ենք դա հնարավորինս շուտ անել»,-ասաց Տաթևիկ Ռևազյանը: Նրա խոսքով, քանի դեռ բանակցությունները վերջնական փուլում չեն, և ամեն ինչ հստակեցված չէ, չի կարող բարձրաձայնել ընկերությունների անունները:

Լրագրողների հարցին, թե ինչպես հնարավոր եղավ «Wizz Air»-ին բերել հայաստանյան շուկա, Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ յուրահատուկ ինչ-որ բան չեն առաջարկել: Պարզապես եղել են ճկուն առաջարկներ, իր ազդեցությունն է ունեցել նաև «օդի տուրքի» հետ կապված վերջին փոփոխությունը:

«Եթե բյուջետային ավիաընկերությունը տոմսը վաճառում է 25 եվրոյով, սակայն Հայաստանում ուղևորը պետք է վճարի հավելյալ 20 եվրո օդի տուրք, ապա դա ընդհանրապես ձեռնտու չէ ընկերությանը: Հետևաբար, օդի տուրքը հանելու հետ կապված նոր փոփոխությունն իր ազդեցություն ունեցավ»,-ասաց Տաթևիկ Ռևազյանը:

 «Wizz Air» ընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն նշեց, որ չեն սահմանափակվելու միայն Վիեննա և Վիլնյուս ուղղություններով: Առաջիկայում ևս նոր ուղղություններ կավելացվեն, սակայն առայժմ չեն բարձրաձայնում դրանք:

Ընթացիկ տարում փոփոխություն կատարվեց «Պետական տուրքի մասին» օրենքում, որով նոր ուղղությամբ չվերթների պարագայում հանվում է օդի տուրքը:

«Wizz Air» բյուջետային ընկերությունը Երևանից սկսելու է թռիչքներ իրականացնել ապրիլից: Առաջին ուղղությունները լինելու են դեպի Վիեննա և Վիլնյուս: Եվրոպական մեկ այլ բյուջետային ավիաընկերություն՝ Ryanair-ը ևս հայտարարել է Հայաստանի ավիացիոն շուկա մուտք գործելու մասին: Իռլանդական ավիաընկերությունը առաջին չվերթը կիրականացնի հունվարի 14-ին՝ Երևանը կապելով Հռոմի և Միլանի հետ, ապա մարտի վերջից կգործի Բեռլինի ուղղությունը, իսկ Գյումրին Գերմանիայի Մեմինգեն քաղաքի հետ կկապվի մարտի վերջին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]