Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Մասնագետները ոչ միանշանակ են ընդունում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրինագիծը

Մասնագետները ոչ միանշանակ են ընդունում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» 
օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասնագետները կարծում են, որ հասարակական կազմակերպությունների կողմից քննարկման դրված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրինագծի հանրային պահանջարկ չկա, իսկ հեռուստատեսությունը և ռադիոն նոր օրինագծի պահանջով իշխանություններին չեն դիմել:

Օրենսդիրներն առաջարկված օրինագիծը լավագույն տարբերակը չեն համարում և կարծում են, որ դրա 80 տոկոսը կարող է փոփոխության ենթարկվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին կողմերը խոսեցին դեկտեմբերի 10-ին  օրինագծի սկզբունքների մասին քննարկմանը:

«Այն, որ օրինագծի փոփոխության հանրային պահանջ չկա, մի փոքր չափազանցված է, որովհետև շահառուներն, ըստ էության, ոչ միայն հեռուստատեսություններն են և վերգետնյա հեռարձակման ռադիոընկերությունները, այլև ցանցային օպերատորները, աուդիովիզուալ ծառայություն մատուցող բազմաթիվ ընկերություններն ու հեռուստադիտողները: Մենք թևակոխել ենք աուդիովիզուալ  ծառայությունների մատուցման նոր իրականություն, որտեղ կա ներկայացված պահանջների և վերահսկողության մեխաներիզմների որոշակի անհամաչափություն»,- նշեց ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը:

Պատգամավորի պատկերացմամբ` ազատ ժողովրդավարական երկրում  հեռուստաընկերություններն ու ռադիոընկերությունները կարող են և պետք է լինեն շահույթ հետապնդող կազմակերպություններ, որոնք պետք է հարկեր վճարեն` մեծացնելով բյուջեն, ինչը պետք է կարգավորված լինի օրենքով:

«Հունվարին օրինագծի հետ կապված մեծ լսումներ կիրականացնենք` հրավիրելով բոլոր շահագրգիրռ կողմերին»,-նշեց նա:

Թևոսյանը հավելեց, թե հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնություը, որն անվանվել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին»  օրենք,  չի ընդգրկում այս ժամանակի ամբողջական խնդիրների սպեկտրը, և հնարավոր է, որ այն փոփոխվի:

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն էլ նշեց, որ օրինագիծն առհասարակ չպետք է մտնի Ազգային ժողով:

«Այդ առաջարկները ներկայացվել են որոշ կազմակերպությունների: Նախքան այն կազմելը նախաձեռնողները որևէ ուսումնասիրություն չեն կատարել հեռուստատեսություններում կամ ռադիոընկերություններում, որպեսզի հասկանան իրական խնդիրները, մարտահրավերները: Որքան էլ ոլորտը կարգավորման անհրաժեշտություն ունի, այնուամենայնիվ, մամուլի ոլորտում որևէ փոփոխություն կամ առաջարկ չի կարող դրվել քննարկման  առանց  դաշտի ներկայացուցիչների առաջարկներն ու տեսակետները լսելու»,-շեշտեց Սեյրանյանը:

Հասարակական կազմակերպությունների կողմից մշակվել և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանին է ներկայացվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրինագիծ, որը Թևոսյանը քննարկման նպատակով ուղարկել է ոլորտի ներկայացուցիչներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am