Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Մարտ

Նախարար Մնացականյանը Բրատիսլավայում հստակ ամրագրեց Հայաստանի «կարմիր գծերը»

 Նախարար Մնացականյանը Բրատիսլավայում հստակ ամրագրեց Հայաստանի «կարմիր 
գծերը»

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդես եկավ ելույթով՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մի շարք առանցքային հարցերի։ Նախարարի ելույթը մի կողմից հստակ պատասխան էր նախօրեին ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչության կողմից շրջանառության մեջ դրված փաստաթղթին, որտեղ արտահայտված էր հակամարտության կարգավորման վերաբերյալ Բաքվի առավելապաշտական տեսլականը, մյուս կողմից՝ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման հստակ արձանագրում էր՝ տեղ-տեղ բավական կոշտ ձևակերպումներով։

Անդրադառնանք ԱԳ նախարարի մատնանշած դրույթներին։

Առաջին, շեշտադրվում է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Սա հստակ մեսիջ է՝ ուղղված ինչպես Ադրբեջանին, որը պարբերաբար հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, այնպես էլ միջազգային հանրությանը՝ ընդգծելով Հայաստանի հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին։

Երկրորդ կետով, ըստ էության, շեշտադրվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի կարևորությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում։ Այն բնութագրվում է որպես կարգավորման հիմնարար սկզբունք և հիմք։ Ինչպես հայտնի է, ադրբեջանական կողմը պնդում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, այսինքն՝ արցախցիների ինքնորոշումը Ադրբեջանը պատկերացնում է միայն իր կազմում՝ ինքնավարության տեսքով։ ՀՀ արտգործնախարարի ելույթում այս առնչությամբ շեշտվում է, որ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի համար էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգության սպառնալիքը՝ Բաքվի նման պահանջը ոչ լեգիտիմ է և անհնար: Միևնույն ժամանակ, ընդգծվում է, որ Ադրբեջանը պետք է ճանաչի ազատ կամարտահայտման միջոցով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն առանց սահմանափակումների, այդ թվում՝ «Ադրբեջանի իրավասությունից, ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս»։

Երրորդ, առաջնային է համարվում Արցախի ժողովրդի անվտանգությունը, որը չի կարող ապահովվել Ադրբեջանի կազմում և, հետևաբար, չի կարող դառնալ նաև զիջման առարկա։ Չափազանց կարևոր է նաև այն հանգամանքի ընդգծումը, որ կարգավորման արդյունքում չի կարող ստեղծվել այնպիսի իրավիճակ, որի դեպքում ևս Արցախի ժողովրդի ֆիզիկական էքզիստենցիալ անվտանգությունը կլինի հարցականի տակ (ինչպես եղել է թե 1991-94թթ., թե 2016թ.): Արցախի՝ ներկայումս Ադրբեջանի օկուպացիայի ներքո գտնվող տարածքները (Շահումյան, Գետաշեն և այլն), որտեղ հայերը ենթարկվել են էթնիկ զտումների, վկայում են, որ հայկական կողմի մտահոգությունները հիմնավոր են:

Չորրորդ, նախարարը ևս մեկ անգամ վերահաստատում է Հայաստանի կողմից բարձրաձայնվող այն մոտեցումը, որ Արցախը պետք է լինի բանակցային գործընթացի անմիջական և լիարժեք կողմ, հատկապես բովանդակային քննարկումներում Արցախի ժողովրդի կողմից ընտրված և լեգիտիմ ներկայացուցիչների մասնակցությունը չափազանց կարևոր է կարգավորման գործընթացում ժողովրդի կամքի արտահայտման տեսանկյունից։

Հինգերորդ, բանակցային գործընթացի արդյունավետության տեսանկյունից կարևորվում է լարվածության և էսկալացիայի ռիսկերի նվազեցումը, մասնավորապես՝ 1994թ. և 1995թ. զինադադարի մասին համաձայնագրերի պահպանումը, ինչպես նաև կարևորվում է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կյանքի կոչումը (միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, Ա. Կասպրչիկի գրասենյակի կարողությունների ընդլայնման միջոցով)։

Վեցերորդ և յոթերորդ կետերով արտգործնախարարն անդրադառնում է Ադրբեջանի ապակառուցողականությանը։ Ընդգծվում է Ադրբեջանում ուղղորդվող հայատյացությունն, ինչը որևէ կերպ չի նպաստում խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորմանը և, ընդհանուր առմամբ, հակամարտության կարգավորմանը։ Անդրադարձ է կատարվում Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշմանը, որն, ըստ էության, հաշվի է առնում հակամարտության կարգավորման առնչությամբ միայն ադրբեջանական կողմի պատկերացումները՝ անտեսելով հայկական կողմի այն մոտեցումը,  որ ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար։ Այսինքն՝ չնայած որոշ առանցքային և կենսական հարցերում կոշտ դիրքորոշմանը՝ Հայաստանը միևնույն ժամանակ ընդգծում է կարգավորման փոխզիջումային տարբերակը։

Զոհրաբ Մնացականյանի ելույթում առկա շեշտադրումներից կարելի է եզրակացնել հետևյալը.

- Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին:

- Հայաստանի և Արցախի համար կենսական, առանցքային նշանակություն ունեցող հարցերը (Արցախի կարգավիճակ և անվտանգություն) չեն կարող լինել փոխզիջումների առարկա:

- Հայաստանն ընդգծում է բանակցային գործընթացում, հատկապես՝ բովանդակային հարցերում՝ Արցախի ընտրված ներկայացուցիչների լիակատար ներգրավման անհրաժեշտությունը:

- Հայաստանը հավատարիմ է նախկինում ստանձնած պարտավորությունների կյանքի կոչումը (հատկապես՝ ռիսկերի նվազեցման հարցում):

- Հայաստանը կարևորում է կողմերի միջև լարվածության թուլացումը և փոխվստահության միջավայրի ձևավորումը։

Ամփոփելով կարևոր է նշել նաև, որ ԵԱՀԿ նախարարական համաժողովը և Բրատիսլավայում ԱԳ նախարարների հանդիպումը տեղի ունեցավ Ադրբեջանում ներքաղաքական կարևոր զարգացումների ֆոնին: Ուստի վերջին օրերի ադրբեջանական կողմի սադրիչ քայլերը, մասնավորապես՝ ԵԱՀԿ-ում կոշտ մոտեցումներով փաստաթղթի շրջանառումը վերլուծելիս կարևոր է հաշվի առնել նաև ներքաղաքական գործոնների ազդեցությունը: Ինչ վերաբերում է այդ սադրանքներին հայկական կողմի պատասխանին, ապա այն առավել քան համաչափ էր, փաստարկված և հստակ ընդգծում էր Հայաստանի «կարմիր գծերը» կարգավորման գործընթացում։

Վարդուհի Հարությունյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ