Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Օգոստոս

Եվրահանձնաժողովի նոր կազմը հաստատված է. որոնք են Երևանի գերակայությունները

Եվրահանձնաժողովի նոր կազմը հաստատված է. որոնք են Երևանի գերակայությունները

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանը նոյեմբերի 27-ին կայացած քվեարկության արդյունքում հաստատեց Եվրոպական հանձնաժողովի նոր կառուցվածքն ու կազմը՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի գլխավորությամբ, ով կլինի հանձնաժողովի առաջին կին նախագահը: Հանձնաժողովի 27 անդամներն իրենց պարտականություններն ստանձնել են դեկտեմբերի 1-ին՝ 5 տարի ժամկետով: Նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է ԵՄ անդամ մեկ պետություն, բացառությամբ Մեծ Բրիտանիայի (Բրեքսիթի գործընթացով պայմանավորված)։

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ըստ նախատեսված ընթացակարգի, եվրահանձնաժողովը պետք է սկսեր իր գործունեությունը նոյեմբերի 1-ից, սակայն հանձնաժողովի աշխատանքի մեկնարկը հետաձգվեց ևս 1 ամսով: Հետաձգման պատճառն այն էր, որ Եվրախորհրդարանը մերժել էր հանձնակատարների որոշ հավակնորդների թեկնածությունը՝ պայմանավորված կոռուպցիոն սկանդալներով, իսկ նոր գործիչների առաջադրման և նրանց հաստատման գործընթացը ձգձգվում էր։

Կարևոր է ընդգծել, որ Եվրոպական խորհրդարանի ընտրությունների արդյունքում ավանդական եվրոպական կուսակցություններին հաջողվեց պահպանել իրենց դիրքերն, ինչի ազդեցությունը, թերևս, նկատվեց նաև ԵՄ ղեկավարների և առանցքային պաշտոնյաների նշանակման ժամանակ։ Ըստ էության, այս հանգամանքը հիմք է տալիս նաև պնդելու, որ ԵՄ արտաքին և ներքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություններ չեն սպասվում, այնպես ինչպես ԵՄ համար գերակա ոլորտներում (ժողովրդավարություն, եվրոպական արժեքներ, քաղաքացիների իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանություն)։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով ԵՄ գործադիր ղեկավար՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի ելույթները, կարելի է ենթադրել, որ Եվրահանձնաժողովի նոր կազմի ուշադրության կենտրոնում է լինելու հատկապես կլիմայական խնդիրների լուծումն ու թվայնացման օրակարգը։

Եվրոպական հանձնաժողովի նոր կազմի ձևավորումը և լիազորությունների ստանձնումը կարևոր է նաև ԵՄ հարևանության քաղաքականության մեջ ներգրավված երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից: Այս առումով, կարևոր առաջնահերթություն է Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ԵՄ հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի պահպանումը և դրանց զարգացումը: Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացները և լայնածավալ բարեփոխումները բավական բարձր գնահատականի էին արժանացել Եվրահանձնաժողովի նախորդ կազմի կողմից: Թերևս այս մասին է վկայում ԵՄ կողմից ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական աջակցության ծավալների գրեթե կրկնակի ավելացումը (տարեկան աջակցության ծրագիրը 40 մլն եվրոյով, և դրան ավելացրած հովանոցային լրացուցիչ հատկացումը՝ 25 մլն եվրոյով): Կարևոր էր նաև այս տարի Եվրոպական հանձնաժողովի հրապարակած վերջին զեկույցը, որում ԵՄ-ն իր հստակ աջակցությունն է հայտնել վերջին մեկ տարվա ընթացքում երկկողմ գործընկերության ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված ՀՀ ջանքերին ու պատրաստակամություն հայտնել շարունակելու ԵՄ ներգրավվածությունը Հայաստանում։ Բավական կարևոր է, որ Եվրահանձնաժողովի նոր կազմը ևս շարունակի իր աջակցությունը (քաղաքական, ֆինանսական, փորձագիտական, տեխնիկական) Հայաստանում ընթացող փոփոխություններին՝ նպաստելով Հայաստանում բարեփոխումների օրակարգի կյանքի կոչմանը: Այս առումով առկա է բավական լայն գործիքակազմ՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեսքով, որի արդյունավետ կիրարկումն՝ ըստ համաձայնեցված ճանապարհային քարտեզի և ժամանակացույցի, այսօր առավել քան կարևոր է:

 Հատկանշական է, որ ԱլԳ երկրների հետ համագործակցության զարգացումը Եվրահանձնաժողովի նոր կազմի գերակայությունների շարքում է. ըստ ֆոն դեր Լյայենի՝ Եվրահանձնաժողովի նոր կազմը շահագրգռված է արագացնել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ Ասոցացման համաձայնագրերի կիրարկման գործընթացը, և ամրապնդել փոխգործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հետ։

Այս առումով կարևոր է նաև, թե ինչ հետագա ընթացք կստանա նաև ԱլԳ ծրագիրը, ինչի վերաբերյալ քննարկումներն արդեն իսկ սկսվել են: 2020թ. ավարտվելու է ԱլԳ երկրների հետ 2017թ. ընդունված «20 թիրախային արդյունք 2020թ. համար» փաստաթղթով սահմանվող գործողությունների ծրագիրը, և ԵՄ ղեկավար կազմը ԱլԳ գործընկերների հետ պետք է համատեղ նոր գործողությունների ծրագիր մշակի: Բավական կարևոր է, որ Հայաստանը՝ որպես ԱլԳ անդամ երկիր, հնարավորինս ակտիվ և նախաձեռնողական լինի այդ ծրագրի մշակման աշխատանքներում՝ կայուն երկխոսություն ծավալելով թե՛ Եվրահանձնաժողովի նոր կազմի, թե՛ ԱլԳ գործընկեր երկրների հետ:

Ամփոփելով նշենք, որ Եվրահանձնաժողովի նոր կազմի ձևավորումը հնարավորություն է տալիս որոշակի թարմություն հաղորդել նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ծավալել առավել ակտիվ երկխոսություն, որը կենտրոնացած կլինի ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման և կիրարկման գործընթացի, ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկի և երկկողմ այլ հարցերի վրա:

 

Գոհար Հովհաննիսյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ